Սաունա

Վահրամ Բաղդասարյանի շտաբի պետի սաունան կազատվի վարկի տոկոսներից

234
(Թարմացված է 16:39 01.08.2017)
ՀՀ Կառավարությունը Վանաձորում գործող սաունայի սեփականատիրոջը կազատի վարկային պարտավորությունից։ Այս մասին որոշման նախագիծն արդեն ներառված է գործադիրի առաջիկա նիստում։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Ֆինանսների նախարարությունը կառավարությանն առաջարկում է Վանաձորում գործող «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ–ն ազատել 2017 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաշվարկված 31,875 ԱՄՆ-ի դոլար տոկոսագումարի և 4,727 ԱՄՆ-ի դոլար տույժի վճարումից։ Նախարարության ներկայացրած որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության առաջիկա` օգոստոսի 3-ի նիստի օրակարգում։

«Վանաձորի բաղնիքային տնտեսության» ներկայիս սեփականատերն այն ձեռք է բերել 2006թ–ին` 2 244 000 դրամով։ Նույն թվականին ընկերությունը Համաշխարհային բանկից 361 332 ԱՄՆ դոլարի վարկ է ստացել, որից 252 928 ԱՄՆ դոլարը, դատելով կառավարության կայքում հրապարակված նախագծից, մինչ օրս չի մարել։

Ի դեպ, 2006թ–ին կառավարության որոշմամբ վարկային պայմանագիրն արդեն մեկ անգամ փոփոխվել է։ Վարկի մայր գումարի և տոկոսների վճարման ժամկետները հետաձգվել են, իսկ մինչև 29.10.2015թ.։

2 տարի անց, փաստորեն, կառավարությունը դարձյալ մտադիր է փոխել պայմանագիրը։

Այս անգամ ընկերության համար սահմանվում է վակի մայր գումարի մարման հատուկ ժամանակացույց, ըստ որի 2017 թ.–ին ընկերությունը կվճարի 5 000, 2018–2020թթ–ը` տարեկան 10,000,  2021 – 2025 թթ–ը` տարեկան 36,322 ԱՄՆ դոլար և 2026 թ–ին  36,318  ԱՄՆ դոլար։

Ի դեպ, հետաքրքրական է, որ որոշման ընդունումը կառավարությունը մեկնաբանում է «աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընկերության գործունեության շարունակականությունն ապահովելու» անհրաժեշտությամբ։

Հետաքրքրական է նաև, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքի լոռու մարզի «կենցաղ–տնտեսական օբյեկտների ցանկում» «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ գործունեությունը նշված է «սաունա»։

Այս ընկերությունը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև ամիսներ առաջ` ԱԺ ընտրությունների ժամանակ, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, դրա սեփականատեր Վանաձորի ավագանու ՀՅԴ խմբակցության անդամ Սեյրան Աղաբեկյանը գլխավորում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի շտաբներից մեկը։

234