Հայկական թղթադրամներ

Հայաստանը նոր թղթադրամներ կունենա, դրամապանակներում էլ 2000 դրամանոց կհայտնվի

127
(Թարմացված է 23:00 11.07.2017)
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների թեմաները և հայտարարել դրանց ձևավորման մրցույթ:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

«Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն կունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԿԲ-ի ձևավորած Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները:

ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները:

Նշենք, որ այս թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք` նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ և լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:

Ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ, որի վրա պատկերված կլինի Տիգրան Պետրոսյանի դիմանկարը:

Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը:

ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները և վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

127