Բանտ

Վանո Սիրադեղյանի «բանդայի» անդամներից մեկի ազատման հարցը կքննի անկախ հանձնաժողովը

26
(Թարմացված է 13:58 08.07.2017)
Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտվածի վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել է անկախ հանձնաժողովին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործի շրջանակում ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել է անկախ հանձնաժողովի քննարկմանը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացվել է Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով զբաղվող անկախ հանձնաժողովի քննարկմանը»,- ասաց Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ 1998 թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո սկսվեց նաև նախկին իշխանությունների մի շարք աղմկահարույց գործերի բացվահայտումը: Դրանց թվում էր նաև «բանդայի» գործը: Ըստ մեղադրանքի` ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը 1992 թ-ի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում՝ հովանավորել ու պարտակել զինված խմբի կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները։

Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թ.-ի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ Իսկ Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավելի վաղ և քննվել անջատ:

1997թ-ին դատարանն Արմեն Տեր-Սահակյանը մեղավոր էր ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով առավելագույն պատժի՝ ցմահ ազատազրկման:

Իսկ Վանո Սիրադեղյանը, որի նկատմամբ դատարանը քրգործի նախաքննության փուլում խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, 2000 թ-ին դիմեց փախուստի: Նրա նկատմամբ հայտարարվեց միջազգային նհետախուզում, իսկ քրեական գործի` նրա վերաբերյալ մասն անջատվեց ընդհանուր գործից և կասեցվեց:

26