Սահմանադրություն

Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է

90
(Թարմացված է 11:29 05.07.2017)
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է. հուլիսի 5-ին նշվում ՀՀ Սահմանադրության օրը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. 1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ: Այն պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Դրվեցին ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։

ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երկրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։

Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։ Ըստ ՀՀ Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ըստ ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի`հուլիսի 5-ը համարվում է տոն և ոչ աշխատանքային օր է: Տոնվում է Սահմանադրության օրը:

Սահմանադրության մեջ նաև ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

1995-ին Հայաստանը Սահմանադրությամբ անցավ նախագահական կառավարման։

Այնուհետև, 2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին: Հայաստանում հաստատվեց պետական կառավարման նախագահա-խորհրդարանական կարգ: Օրենսդիր իշխանությունն իրականացնում էր Ազգային ժողովը, գործադիրը` կառավարությունը: Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը նախագահն էր:

Անցան տարիներ, մեր Սահմանադրությունը դարձյալ փոխվեց՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։ Այժմ, նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման է անցել։

Ըստ այդմ,  նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (նախորդ Սահմանադրությամբ 5 տարով էր): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը:

ԱԺ կազմվում է առնվազն 101 պատգամավորից (131-ի փոխարեն): Ազգային ժողովում տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնություններին:

Խորհրդարանն ընտրվում է միայն համամասնական ընտրակարգով՝ 5 տարի ժամկետով:

Շնորհավորում ենք մեր երկրի գլխավոր փաստաթղթի ընդունման օրը և մաղթում, որ այն նպաստի ամուր պետություն ու գիտակից հասարակություն ունենալուն։

90