Մամուլ

Մամուլ. «Բալը թանկ է, հարկավոր չէ...» և Ծառուկյանի ինչին է պետք 20 միլիոն եվրո վարկը

127
(Թարմացված է 10:44 05.07.2017)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 5-ի մամուլի տեսությունը։

«Առավոտ». «Բալը թանկ է, հարկավոր չե…»

«Առավոտը» գրում է  «Գիքորը» ֆիլմում հնչած «Բալը թանկ է, հարկավոր չէ…» արտահայտությունը, կարծես թե, վանաձորցիների համար է: Այս օրերին Վանաձորում բալն արժե 1300-1500 դրամ:

Հավանաբար, պատճառն այն է, որ այստեղ բալն ավելի շատ համտեսող ունի, քան գնորդ: Վաճառողներից մեկն էլ փորձել է կեսկատակ, կեսլուրջ գնորդներին հորդորել առանց վճարելու բալ չուտել:

«Գալիս են 200 դրամի շլոր են առնում, 500 դրամի գիլաս ուտում: Դրա համար էլ գրել եմ»,- այսպես պարզաբանեց վաճառողը:

Նա բալի արկղի մոտ գրել է «չուտել» և ուրախ «սմայլիկով» ֆիքսել գրառումը»:

«Իրավունք». Ինչու ՀՅԴ-ն «դեմ ըլլալով»՝ կողմ քվեարկեց

«Երկուշաբթի ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել Սևանա ջրի բացթողնման հարցին: Մինչ այդ, դեմ էր արտահայտվել նաեւ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Իսկ երեքշաբթի, ահա, ընկեր դաշնակները 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները: Թե ինչով է պայմանավորված նման «հեղաշրջումը»՝ դժվար է ասել:

Ընդդիմությունը, ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, չնայած, որ սրտներով չի, բայց կողմ են քվեարկել նախագծին, իսկ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը կառավարությունում ունի զգալի ներկայություն, նման խաղեր է տալիս:

Եթե Դաշնակցություն, իսկապես, դեմ գնար ՀՀԿ-ին՝ Սևանի հարցում, ապա դժվար թե կոալիցիան շարունակեր նույն կերպով աշխատել: Հետևապես, Դաշնակցությունը մի փոքր «բազար» սկսելով, արագորեն, 180 աստիճանով վերափոխեց իր դիրքորոշումը, գուցե, այդ ընթացքում էլ ինչ-որ բան ավելացնելով կուսակցության բալանսին»- գրում է թերթը:

«Հրապարակ». Դեսպանների մեծ փոփոխություններ են սպասվում

ԱԳՆ ապաշնորհությունից և ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաև իշխանությունը:

«Հրապարակը» գրում է. «Հավանաբար, հենց այս պատճառով էլ մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, որոնք կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ»:

Մասնավորապես, ըստ թերթի ունեցած նախնական տեղեկությունների, ՆԱՏՕ-ում, Վրաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Չեխիայում եւ Կանադայում կնշանակվեն դեսպաններ, ովքեր նախարարության հետ որեւէ աղերս չունեն:

«ՀԺ». Գագիկ Ծառուկյանը 20 միլիոն եվրո վարկ է վերցրել

Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է  ներկայացրել 2017 թվականի դրությամբ իր ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը: ԲՀԿ նախագահի կարողություն, քանի որ շատ մեծ է, ներկայացվում է գլխագրերով:

«Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը. 5 հատ առանձնատուն, 1 հատ ամառանոց եւ 7 հատ հողամաս: Գագիկ Ծառուկյանն, ընդհանուր առմամբ, ունի 12 ավտոմեքենա: 42 ընկերությունում բաժնետոմսեր եւ բաժնեմասեր ունի: Դրանց թվում կան նաեւ ռուսական, բելառուսական ռուբլով, բուլղարական լևով, ԱՄՆ դոլարով և դրամով բաժնետոմսեր: ԲՀԿ նախագահը 48 տարբեր անձանց փոխառությամբ գումար է տվել: Ամենամեծ գումարը շուրջ 29 միլիարդ դրամն է: Նա նաև  ունի 8 միլիոն դրամը գերազանցող ննջարանի կահույքի ութ հավաքածու, «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը 2017 թվականի մայիսի 24-ի դրությամբ, երբ ներկայացրել է հայտարարագիրը, ունեցել է 470 միլիոն դրամ, 9.7 միլիոն դոլար եւ 7.2 միլիոն եվրո»:

127