Սանամ Ավագյանը, Գոհար Թամամյանն ու Հայկանուշ Գալստյանը

Ոստիկանությունը միլիոններ է պարտք նախկին աշխատակիցներին ու բյուջեին

62
(Թարմացված է 15:21 04.07.2017)
ՀՀ ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» ընկերությունը տասնյակ միլիոններ է պարտք նախկին աշխատակիցներին ու բյուջեին։ Ընկերության վերջին տնօրենը հետախուզման մեջ է։ Ոստիկանապետը պարտատերերին չի ընդունում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայկանուշ Գալստյանն իր կյանքի ավելի քան 40 տարիները նվիրել է նախկին «Դինամո», ապա «Կոնտինենտտեքս» կարի արտադրամասերին։ Այսօր ստիպված է նախկին ղեկավարներից պահանջել շուրջ 1 տարվա չվճարված աշխատավարձը` 700 000 դրամ։

Տիկին Հայկանուշը մենակ չէ, նրա հետ արդեն շուրջ 4 տարի, չստացած աշխատավարձերի պահանջով պարբերաբար հայաստանյան մանր ու մեծ չինովնիկներին են դիմում «Կոնտինենտտեքսի» ևս 140 նախկին աշխատակիցներ։

«Նախագահին էլ ենք դիմել, կնոջն էլ ենք դիմել, ոչ մի արձագանք, գնացել ենք մարդու իրավունքների պաշտպանի մոտ, հենց լսում են, որ մեր գործը ոստիկանության հետ է, հետ են քաշվում»,- ասում է Հայկանուշ Գալստյանը։

«Կոնտինենտտեքսը» ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ կարի արտադրամաս էր, որը հիմնականում կատարում էր այդ գերատեսչության աշխատակիցների համազգեստների կարի պետական գնումները։ Բայց 2015թ-ին ընկերությունը դատարանի վճռով սնանկ ճանաչվեց` շուրջ 33 մլն դրամի աշխատավարձի պարտք մնալով աշխատակիցներին և 55.2 մլն դրամի հարկային պարտք`պետական բյուջեին։

Работники Континентекс Гоар Тамамян и Айкануш Галстян
© Sputnik/ Nelli Danielyan
Սանամ Ավագյանն ու Գոհար Թամամյանը

«Կոնտինենտտեքսում» 21 տարի որպես պահեստապետ աշխատած Գոհար Թամամյանն էլ, որը քաջածանոթ է արտադրամասի վերջին տարիների կատարած աշխատանքներին, վստահեցնում է, որ ֆաբրիկան ոստիկանության պետի հրամանով նշանակված վերջին տնօրեն Սամվել Բեկչյանի ղեկավարության մի քանի ամսվա ընթացքում թեև պետական պատվեր չի ունեցել, բայց կատարել է տնօրենի մասնավոր պատվերները։

«Ինչ-որ տեղից զինվորական համազգեստների պատվեր էր բերել, մենք դրանք կարեցինք»,- պատմում է նախկին պահեստապետը` հավելելով, որ այդ պատվերի գումարը բանվորները միայն կռվով են կարողացել ստանալ տնօրենից, իսկ ադմինիստրատիվ աշխատողներն այդպես էլ գումար չեն ստացել։

Պատվերը, կանանց խոսքով, վրացական բանակի զինվորական համազգեստներ են եղել։ Պատվերը օրինական, փաստաթղթային ձևակերպումներով է եղել, բայց հետո տնօրենը որոշել է մաքրել հետքերը։

«Այդ ժամանակ, որ մենք աշխատում էինք, ոստիկանության աուդիտը եկել էր ստուգման։ Լավ էլ տեսան, թե ինչ է կատարվում, տեսան հոսանքի ցուցմունքները, կոմունալ պարտքերը։ Եթե ֆաբրիկան չէր աշխատում, ինչո՞ւ պիտի 3-4 հարյուր հազար լույսի գումար գա։ Ու ոչ ոք չասաց` էս ի՞նչ ես անում»,- պատմում է Գոհար Թամամյանը` հավելելով, որ կեղծիքի բացահայտումից հետո տնօրենը նախ փորձել է վերացնել մնացած փաստաթղթերը, ապա ընդհանրապես փախել է։

Работники Континентекс Санам Авакян, Гоар Тамамян
© Sputnik/ Nelli Danielyan
Կանանց խոսքով` իրենք հայտնվել են մի իրավիճակում, որը միաժամանակ և՛ ողբալի է, և՛ զավեշտալի։

Ֆաբրիկայից հափշտակությունների փաստով հարուցված քրեական գործն այժմ քննվում է ՀՀ ՊԵԿ-ի քննչական վարչությունում, նախկին տնօրեն Սամվել Բեկչյանի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել։

Թե ով ումից թալանեց և ուր փախավ հարցերը, թեև սերտորեն կապված են նախկին ֆաբրիկայի այսօրվա աշխատակիցների սոցիալական վիճակի հետ, բայց ֆաբրիկայի աշխատակցուհիներին այնքան էլ չեն հուզում։ Նրանք ֆաբրիկայի` արդեն նախկին սեփականատեր ոստիկանությունից ու կառավարությունից պահանջում են վճարել իրենց աշխատավարձը։

Ֆաբրիկայի նախկին հաշվապահ Սանամ Ավագյանը նշում է, որ աշխատանք գտնել չի կարողանում, կենսաթոշակի անցնելու տարիքին դեռ չի հասել, իսկ հիվանդ ամուսնուն խնամելու ու ապրելու միակ հույսը մնում է 1 տարվա կատարած աշխատանքի դիմաց չստացած 800 000 դրամ գումարը։

«Ես իմ աշխատավարձն եմ ուզում։ Մի բարեգործ չկա գոնե ոստիկանությանը հովանավորի, որ մեր աշխատավարձերը տա։ Ինչո՞ւ ես պիտի հիվանդ վիճակում ընկնեմ դռնեդուռ, որ իմ աշխատավարձը մուրամ»,- ասում է գործարանի նախկին հաշվապահ, այսօր գործազուրկ Սանամ Ավագյանը։

Ֆաբրիկայի սնանկության գործով կառավարիչը պարբերաբար խոստանում է աշխատավարձերի պարտքերը վճարել գույքի վաճառքից հետո, բայց ֆաբրիկայի ունեցվածքից քաջատեղյակ կանայք վստահ են` հազիվ թե գտնվի մեկը, որ հնացած ու շարքից դուրս եկած կարի մեքենաներն ու մաշված կտորները գնելու ցանկություն կունենա։ Իսկ Ֆաբրիկայի շենքը վաղուց արդեն վաճառվել է։ 2014թ-ին`սնանկ ճանաչվելուց ու լուծարվելուց հետո, ընկերության շենքը կառավարության որոշմամբ տրամադրվել է «ԿԱԷՌ Քնսթրաքշն» ՍՊԸ —ին։ Վերջինն այսօր քանդված շենքի տեղում 18 հարկանի բազմաբնակարան շենք է կառուցում։

«Դինամո» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1967թ-ին Կոմիտաս 15 հասցեում` Շիրվանզադեի անվան դպրոցի նախկին շենքում։ Սպորտային համազգեստ կարող արտադրամասն ավելի ուշ փոխանցվել է ՆԳՆ-ին, իսկ անկախացումից հետո` 1995թ-ին, անվանափոխվել «Կոնտնինենտտեքս» ՓԲԸ և փոխանցվել ՀՀ ոստիկանությանը։

62