Սահման

Անգոլայի քաղաքացին երկրորդ անգամ է փորձել հատել հայ-թուրքական սահմանը

42
(Թարմացված է 20:14 03.07.2017)
Ռուս սահմանապահները Արաքսավանում Անգոլայի քաղաքացու են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստան-Թուրքիա պետական սահմանին մոտ գտնվող Արաքսավան բնակավայրում ժողովրդական կամավորական գնդի անդամը հայտնաբերել է անծանոթ մի տղամարդու, որն անգլերենով հարցեր է տվել տեղի բնակիչներին: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի բաժնից տեղեկացնում են, որ Արաքսավանի բնակչին անհանգստացրել է այս փաստը և այդ մասին անմիջապես տեղյակ է պահել ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը:

Կասկածելի տղամարդու փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ նա Անգոլայի քաղաքացի է, ծնվել է 1982 թվականին, և նրա անունը Դոնգալա Բոբ Ջոան է: Բացի անձնագրից նրա մոտ եղել են նաև փաստաթղթեր, որոնք հաստատել են Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը և տեղեկանք` Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման վայրից ազատվելու վերաբերյալ:

Հարցաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Ջոան պատիժ է կրել 2016 թվականին Թուրքիայի և Հայաստանի սահմանն անօրինական հատելու համար: Ազատ արձակվելուց հետո տոմս է գնել Երևան-Փարիզ թռիչքի համար, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով չի կարողացել հատել պետական սահմանն ու հեռանալ: Նա սկսել է Ֆրանսիա գնալու այլ ուղիներ փնտրել: Նրա խոսքով՝ Հայաստանի պետական սահմանը ևս մեկ անգամ ապօրինի հատելու հետին մտադրություն չի ունեցել:

ՀՀ իրավապահ մարմինների որոշմամբ՝ Դոնգալա Բոբ Ջոան փոխանցվել է Ֆրանսիայի դեսպանություն: Սահմանապահ ծառայության ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի սահմանամերձ շրջանի բնակիչներին զգոնության համար:

Русская версия

42