Սևանա լիճ

Վտանգված է Սևանա լիճը, 100 միլիոն խմ ջրբացթողումն անթույլատրելի է

33
(Թարմացված է 17:55 03.07.2017)
Ջրային պետական կոմիտեի ղեկավարի ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի` Սևանա լճից 100 միլիոն խմ–ով ավելի ջրբացթողում է արվելու, մեծ իրարանցում է առաջացրել: Այս թեմային է անդրադարձել նաև «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Վտանգված է Սևանա լիճը` Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը. այս ահազանգն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրեց «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը։ 

«Մենք լճի ճակատագրի հետ խաղալու իրավունք չունենք։ 100 միլիոն խմ ջրբացթողմամբ մենք նորից հարվածում ենք Սևանին։ Հիշեցնեմ, որ մեկ էլ 1978 թվականին էր Սևանը մահամերձ։ Եթե այս քաղաքականությունը ևս 3 տարի շարունակվի, Սևանը կցամաքի»,- ասաց նա։

Տեղեկացնենք, որ կառավարության` հունիսի 23-ին կայացած նիստի ժամանակ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը հայտնել էր, որ բոլոր հիմքերը կան Սևանից մեծ քանակությամբ ջրբացթողում անելու համար։ Հիմնական պատճառը եղանակն է, որի պատճառով, ըստ հիմնավորման, ջրամբարների առավելագույն լցվածությունը 2016 թվականի համեմատ 120 միլիոն խմ-ով պակասել է։ Խնդրի լուծման համար նախագծով առաջարկվեց Սևանա լճի լրացուցիչ 100 միլիոն խմ ծավալով ջրբացթողում, որով կլրացվի Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարան-Ազատ ջրամբարների թերլցվածությամբ պայմանավորված դեֆիցիտը։

«Լրացուցիչ ջրառը Սևանի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ 2016 թվականի հունիսի 20-ի 2015 թվականի նույն օրվա համեմատությամբ Սևանա լճի մակարդակն ավելացել է 16 սմ-ով։ Տարբերության առավելագույն ցուցանիշը ֆիքսվել է 2016 թվականի օգոստոսին` 32 սմ»,-ասել էր պաշտոնյան։

«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը կարծիք հայտնեց, որ Սևանի մակարդակի իջեցումը ձեռնտու է միայն ՀԷԿ-երին։

«Համոզված եմ՝ կգա մի սերունդ, որը խնդիր կդնի վերականգնել Սևանի պատմական նիշը՝ 1916 մ-ը, և ուշադրություն չի դարձնի երկաթգծի, ոսկու վրա, ջուրն ավելի բարձր մակարդակի կդրվի, հիմա հակառակն է`Ամուլսարը, Սոթքը, երկաթգիծն են Սևանին խեղդում»,-ասաց Սուխուդյանը։

Ջրի հետ խաղ անել չի կարելի, հատկապես, երբ խոսքը Սևանա լճի և ոչ սովորական ջրամբարի մասին է։ Նա մանրամասնեց` եթե ջուրը պակասի, թթվածինն էլ կպակասի, օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Բացասական հետևանքները, նրա խոսքով, շատ են։

«Մի ժամանակ Հայաստանում բնական պաշարները կոչվում էին բնական ռեսուրսներ, դրանք պատկանում էին բնապահպանության նախարարությանը։ Ինչ-որ մեկի աննկատ ստորագրությամբ բնական ռեսուրսները դարձան բնական պաշարներ ու տեղափոխեցին էներգետիկայի նախարարություն, և բնապահպանության նախարարությունը խնդիրներ ունեցավ իր ռեսուրսներին տեր լինելու հարցում»,-ասաց նա։

«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակը հիշեց այն երանելի 60-կանները, երբ Սևանա լճի մակարդակն այնքան բարձր էր, որ Հայաստանում ֆլամինգո ու հավալուսն էին հայտնվել։ Չէ՞ որ Հայաստանը խառնարան է հյուսիսային ու հարավային թռչունների համար։

Նշենք, որ Սևանա լիճը տեղակայված է 1900 մետր բարձրության վրա, մակերևույթը 1240 կմ է, խորությունը` մինչև 83մ: Լիճ է թափվում 28 գետ, լճից սկիզբ է առնում Հրազդան գետը:

33