ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ժամը 19:57-ից մինչև 20:00-ը քամու արագությունը եղել է 12 մ/վ, իսկ պոռթկումը՝ 20 մ/վ:
«Ուժեղ քամու պատճառած վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան»,- նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2 օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկներ:
Պարզվել է, որ շրջվել են ծառեր՝ Վարդանանց փողոց թիվ 15/4 շենքի մոտ, Գրիգոր Լուսավորիչ փողոց «DoubleTree by Hilton» հյուրանոցի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Տիգրան Մեծ պողոտա՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, Ավետ Ավետիսյան փողոցի տներից մեկի տանիքին, Դավիթ Մալյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ ավտոմեքենայի վրա, Խանջյան փողոց թիվ 20 շենքի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Զաքյան 4 հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի մայթեզրին:
Վնասվել են Լեփսիուսի 6-րդ փողոց թիվ 1, Լեփսիուսի 6-րդ փողոց թիվ 6, Ահարոնյան փողոց թիվ 12, Կոմիտասի պողոտա թիվ 58, Ներսիսյան փողոց թիվ 6ա, Կոմիտասի պողոտա թիվ 49/4 (երեսպատման սալիկն ընկել է ավտոմեքենայի վրա) և Թումանյան 20 շենքերի տանիքները:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:
«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:
«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:
Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։


