ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Հայաստանի և Ռուսաստանի հանդեպ սիրով» ցուցահանդեսը, որը նվիրված է Ռուսաստանի օրվան և երկու ժողովուրդների բարեկամությանը, կազմակերպվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի սփյուռքի նախարարության աջակցությամբ։
Ռուսաստանաբնակ հայ բարերար Հրաչյա Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը պատերազմի մասին ևս մեկ անգամ խոսելու հնարավորություն է ընձեռել։
«Մենք աճող սերնդին ցույց ենք տալիս, թե ինչպես է պետք վերաբերվել անցյալին և պատմությանը։ Այստեղ մոտ 50 լուսանկար կա, որոնք պատմում են Լենինգրադի շրջափակման և այդ շրջանը վերապրած մարդկանց մասին», – ասաց Պողոսյանը։
Ինչպես նշեց Պողոսյանը, այդ լուսանկարները ցուցադրում են մարդկանց երկաթե կամքը, որի շնորհիվ նրանք չեն կորցրել ապագայի հանդեպ հավատը։ Ցուցադրվող լուսանկարներից 24–ը նվիրված են ռազմական հուշարձաններին։
«Շատ կարևոր է, որ մարդիկ սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով անմահացնում են պատերազմի մասին հուշերը։ Կարող եմ ասել, որ մեր հայրենակիցները ոչ միայն լավ կռվել են, այլև խնամքով են վերաբերվել ու վերաբերվում պատմության պահպանմանը։ Այդ պատճառով էլ ցուցահանդեսը կոչվում է «Հայաստանի և Ռուսաստանի հանդեպ սիրով»,– նշեց բարերարը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովն էլ իր հերթին ավելացրեց, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Հայրենական մեծ պատերազմը զուտ արտահայտություններ չեն։
«Այդ պատերազմը մեր ճակատագրերի, սրտերի միջով է անցել։ Շնորհակալություն եմ հայտնում վետերաններին, որոնք մասնակցել են այդ դաժան պատերազմին։ Նրանց սխրանքի շնորհիվ ֆաշիստական ժանտախտից փրկվեցին միլիոնավոր մարդիկ, փրկվեց Եվրոպան ու ամբողջ աշխարհը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ մոռացության չեն մատնվում մեր վետերանների, հայրերի, մայրերի, պապերի և տատերի սխրանքները։ Ինձ համար այս ցուցահանդեսն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ հայրս ու նրա քույրը վերապրել են Լենինգրադի շրջափակման ամենադժվար` առաջին տարին»,– ասաց նա։

Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Միխայիլ Ստեփանյանը նշեց, որ շատ հպարտ է կատարված աշխատանքի համար։
«Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցը, պահեստի սպան այսպիսի սիրով ու ոգեշնչմամբ է անում ամեն ինչ, որպեսզի Մեծ Հայրենականի ու Լենինգրադի շրջափակման մասին հիշողությունը չկորչի։ Ինչպես ասել է մեծն Օլգա Բերգգոլցը, «ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ»»,– ասաց նա։
Լուսանկարների ցուցադրությունը կտևի մինչև հունիսի 24–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:


