Գլխավոր եկեղեցին գմբեթավոր բազիլիկ էր՝ կազմված երեք գմբեթից, որոնք տեղակայված էին իրար կողքի։ Եկեղեցում կա երեք խորան, որոնք պատկերազարդված են Սուրբ Աստվածամոր, Սուրբ Առաքյալների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերներով. բարձրորակ աղյուս հայկական և պարսկական զարդարվեստի տարրերով։ Թերևս, այսպես կարելի է նկարագրել հանրահայտ հայկական առաքելական վանական համալիրը։
Ամբողջ համալիրից մնացել է միայն զանգակատունն ու շենքի այն մասը, որը հայկական եկեղեցու Վրաց–Իմերիթական թեմի արքեպիսկոպոսի նստավայրն է։ Հիմա նստավայրի տեղում բնակելի տուն է, իսկ եկեղեցու տեղում` թիվ 104 դպրոցը։
«Տաճարը սկսեց անկում ապրել անցած դարի 30–ական թվականներին, Վրաստանի խորհրդայնացումից հետո։ Քաղաքի իշխանությունները հայերի ստորագրություններն էին հավաքում` տաճարը քանդելու թույլտվություն ստանալու համար։ Ով ստորագրությունը չէր տալիս, շանտաժի էին ենթարկում կամ գնդակահարում»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Թբիլիսիում «Հայարտուն» հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը։
Իշխանությունները դիմել են հայ հոգևորականներին` պահանջելով եկեղեցին քանդելու թույլտվություն տալ։ Եկեղեցու հոգևորականներից մեկը քաղաքավարի պատասխանել է. «Ես չեմ կառուցել եկեղեցին, որ խնդրեմ քանդել այն», և երկու օր անց նա անհետացել է։
Եկեղեցին փլուզել են 1938 թվականին։ Հայ քաղաքացիների աճող դժգոհությունը մեղմելու համար եկեղեցու տեղում կառուցում են 104–րդ հասարակական դպրոցը, որը գործում է մինչ օրս և Թբիլիսիի միակ հայկական դպրոցն է։ Քանդվել է նաև վանական համալիրին կից միջնադարյան հայկական գերեզմանոցը։
Տաճարի տարիքի մասին ստույգ տեղեկություն չկա։ Որոշ աղբյուրները պնդում են, որ այն կառուցվել է Գրիգոր Լուսավորչի օրոք, այսինքն` IV դարում, մյուսները 931 թիվն են նշում, իսկ որոշ աղբյուրները խոսում են XVI վերջին քառորդի մասին։
1901 թվականին տաճարն ամբողջովին վերականգնվել է բարեգործ Ալեքսանդր Մանթաշովի միջոցներով։
Տաճարը ապաստարան և հոգևոր տուն է եղել բազմաթիվ հայ գործիչների համար, այդ թվում` գրող Հովհաննես Թումանյանի, իսկ տաճարի պանթեոնում թաղված էին զորապետ Միքայել Լորիս-Մելիքովը, ազգությամբ հայ Թբիլիսիի քաղաքապետները, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը, Ալեքսանդր Մանթաշովը, հոգևորական Գաբրիել Այվազովսկին և ուրիշներ։
Տաճարի և գերեզմանոցի փլուզումից հետո աճյունների փրկված մասերը վերաթաղվել են Խոջիվանքում, մյուս մասը` Սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցու բակում։
XX դարի սկզբում տաճարում ապաստարան են գտել 1915 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:


