ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հանքավայր, հանքային մեքենաների և սարքավորումների վերանորոգման և սպասարկման ծառայություն, լեռնահարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար։
«Վալլեքս» խմբի ընկերություններ խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը նախարարին է ներկայացրել լեռնահանքային համալիրի գործունեությունը՝ նշելով, որ Թեղուտի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 400 մլն ԱՄՆ դոլարը:
Ընդհանրապես խմբի ընկերությունների ներդրումը Հայաստանում և Արցախում անցած քսան տարիների ընթացքում կազմում է մոտ 700 մլն ԱՄՆ դոլար: Միայն 2016 թվականին խմբի ընկերությունների կողմից ՀՀ և ԼՂ պետական բյուջե կատարած վճարումների հանրագումարը գերազանցում է 40 մլն ԱՄՆ-ի դոլարի սահմանագիծը:
Վալերի Մեջլումյանի խոսքով՝ Թեղուտ ընկերությունն ունի շուրջ 1150 աշխատող, գերժամանակակից հարստացուցիչ ֆաբրիկա, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի ամենաժամանակակից սարքավորումներ՝ մատակարարված աշխարհահռչակ ընկերություններից։ Հանքավայրի հաստատված պաշարների պոտենցիալը, ըստ Խորհրդային ժամանակաշրջանում հաստատված տվյալների՝ կազմում է մոտ 450 մլն տոննա, որից ընկերությունն արևմտյան ժամանակակից մեթոդներով վերահաստատել է մոտ մեկ հինգերորդ մասը (այդ ուղղությամբ զարգացման աշխատանքներն ընթացքի մեջ են):
Նախարար Կարայանն այնուհետև այցելել է նաև Ալավերդու պղնձաձուլական գործարան։ Նախարարի հետ զրույցում ընկերության ղեկավարները նշել են, որ այն շուրջ 600 աշխատակից ունի և միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հարավային Կովկասում։ Այժմ արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան վերամշակել մինչև 50 հազար տոննա պղնձի խտանյութ և արտադրել մոտ 13 հազար տոննա սև պղինձ։
Ալավերդիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Խումբը պատասխանատու է նոր պղնձաձուլարանի նախագծմանն առնչվող աշխատանքներում Արմենիան Քափըր Փրոգրամ ՓԲԸ աջակցության հարցերի համար։ Խմբի կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության նախարարների տեղակալները։ Աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առանց էական ներդրումների և ժամանակակից բնապահպանական պահանջներին համապատասխանեցնելու՝ երկարաժամկետ գործունեություն հնարավոր չէ իրականացնել։
Նախարարի տեղակալի խոսքով` այժմ պոտենցիալ գործընկերների հետ քննարկվում են համաշխարհային պրակտիկայում առկա բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծելով այնպիսի կայուն արտադրություն Հայաստանում, որը երկարաժամկետ գործունեության հեռանկարում խնդրահարույց չի լինի բնապահպանական տեսանկյունից։ «Կառավարությունը, անմիջական մասնակից լինելով զարգացման ծրագրին վերաբերվող քննարկումներին, հնարավորություն ունի ընթացքում ձեռնարկել կազմակերպության համար օգտակար բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։
Ընկերության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում պաշտոնյաները գործարարների հետ քննարկել են առկա խնդիրները և կարևոր հարցերը` իրենց գերատեսչությունների իրավասության շրջանակում դրանց կարգավորման և լուծման եղանակներ գտնելու տեսանկյունից:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:


