ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում օրենսդրական մակարդակով արգելել այլասերության քարոզը, մասնավորապես, անչափահասների շրջանում միասեռ հարաբերությունները։
«Համահայկական ծնողական կոմիտեի» Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը նշեց, որ առաջարկը ստացել է շուրջ 100 հասարակական կազմակերպության աջակցությունը։
«3 տարի առաջ մենք ՀՀ կառավարությանն ու ԱԺ–ին առաջարկեցինք ընդունել նախագիծ, որը կարգելի երկրում այլասերության քարոզը։ Այն ժամանակ մեզ ասացին, որ ոչ ոք մտադիր չէ Հայաստանում անել դա և այլ, սակայն վերջին տարիներին իրավիճակը կտրուկ սրվել է։ Կենտրոնում գովազդային վահանակներ են հայտնվում, հեռուստատեսությամբ ֆիլմեր են ցուցադրում այլասերության տարրերով, մշակույթը լի է նման դրսևորումներով»,– ասաց Բոշյանը։
Նրա խոսքով` «Հոդված 3» ակումբը ֆիլմեր է ցուցադրում միասեռ ամուսնությունների մասին, բրիտանական դեսպանատունը բարձրացրել է դրոշը և այլն։
Նա նշեց, որ այդ քարոզը վտանգավոր է, մասնավորապես, երեխաների համար։ Հենց այդ պատճառով նոր կառավարությունն ու ԱԺ–ն, ի վերջո, պետք է անդրադառնան այդ հարցին։
«Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել` այլասերության քարոզն արգելող օրենք ընդունելով»,– ասաց Բոշյանը։
Բոշյանի խոսքով` նման պրակտիկա աշխարհում գոյություն ունի։ Այդպիսի օրենք կա Ռուսաստանում և նույնիսկ ԱՄՆ 9 նահանգներում։ Ըստ նրա՝ նույնիսկ ամերիկյան ԶԼՄ–ները 2014 թվականին գրել են, որ ԱՄՆ–ն իրավունք չունի ուրիշ երկրներից պահանջել համապատասխան վերաբերմունք տվյալ հարցի նկատմամբ, երբ նրանք խոչընդոտներ ունեն իրենց երկրի ներսում։ Դրանից ելնելով, Բոշյանի խոսքով, հայ խորհրդարանականները կարող են հղում անել միջազգային փորձին։ Ընդ որում, նա նշում է, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները խախտելու կոչ չի անում, խոսքը միայն քարոզչությունն արգելելու մասին է։
«Այլ քաղաքացիների իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն, երկրում պետք է առողջ մթնոլորտ պահպանվի ։ Շատ տհաճ է, երբ այդ թեման անընդհատ շոշափվում է Հայաստանում»,– ասաց Բոշյանը։
Իր հերթին, «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը նշեց, որ թեև քիչ է հետևում ԶԼՄ–ներին` հանդիպում է համասեռականության քարոզչությանը։
«Հատկապես երեխաների հոգեբանությունն է փխրուն, և այդպիսի քարոզչությունը ագրեսիայի դրսևորում է նրանց նկատմամբ»,– ասաց Հեքեքյանը։
Նա դժգոհություն հայտնեց, որ հասարակությունը պասիվ է այդ առումով։
«Թող ապրեն ինչպես ցանկանում են, բայց չի կարելի դա քարոզել։ Ես ինքս չորս երեխաների հայր եմ, ինչպե՞ս պաշտպանեմ նրանց այդ քարոզչությունից»,– ասաց Հեքեքյանը։
Նրա կարծիքով` եթե մի բան անընդհատ ցույց են տալիս, քարոզում են, ապա այն նորմա է դառնում։ Հեքեքյանը հիշեցրեց Եվրատեսիլի և Կոնչիտա Վուրստի մասին, որի անունով երեխաներն իրար կատակով դիմում են։
Ինչպես նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` հայերը հարգում են ավանդույթները, նրանք կայացած բարոյական կերպար ունեն։
«Դա ազգային անվտանգության հարց է։ Նոր Սահմանադրությունը ենթադրում է, որ առաջնահերթ է միջազգային իրավունքը, բայց դա պետք է հաստատված լինի Սահմանադրական դատարանի կողմից, այնպես որ պաշտպանության մեխանիզմներ կան»,– ասաց Գիմիշյանը։
Նրա խոսքով` դա դրսից է քարոզվում` աղանդների, այլասերությունների տարածման, ժողովրդի բարոյական կերպարը քայքայելու համար, քաղաքական գործընթաց է, որը առաջ է տարվում Արևմուտքի կողմից` Հայաստանի մի շարք ուժերի աջակցությամբ։
Նրա խոսքով` տարբեր կառույցներ փորձում են քարոզչությամբ դպրոցներ և մանկապարտեզներ մտնել։ Գիմիշյանն ընդգծեց, որ ժողովուրդը պետք է միավորվի և իշխանություններից պահանջի օրենք մտցնել, որը կպաշտպանի այլասերության քարոզչությունից գոնե անչափահասներին։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:


