ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բուֆերային գոտու բազմաթիվ տարածքներ վարձակալությամբ են տրված, այստեղով է անցնում նաև Վեդին Մարտունուն և հարակից գյուղերն իրար կապող միջհամայնքային ճանապարհը։ Հարակից գյուղերի բնակիչներից ոմանք տարվա որոշ մասը բնության այդ գոտում են բնակվում ու արածացնում տնային կենդանիներին։ Արգելոցի աշխատակիցների խոսքով՝ այս ամենը վնասում է արգելոցի պահպանությանն ու վայրի կենդանիների և էկոհամակարգի բնական զարգացմանը։

«Խոսրովի անտառ» արգելոցի Խաչաձորի տեղամասում գտնվող Ջղինի լճերն, օրինակ, ինչպես այդ տարածք մեր այցելության ընթացքում ասաց պահպանության գծով փոխտնօրեն Արայիկ Պետրոսյանը, արգելոցի սահմանները նշելիս 1986 թ–ին դուրս են մնացել պահպանվող գոտուց և միացվել համայնքային հողերին։ Դա, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ գյուղացիներն անարգել կարող են մուտք գործել տարածք, խոտհարք անել կամ անասնապահությամբ զբաղվել։
Մեր այցելության պահին, ի դեպ, այդ հատվածում արածում էր կովերի նախիրը։ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ գյուղացիներն այս ալպիական մարգագետիններից օգտվում են տարվա մեջ միայն մեկ-երկու ամիս, երբ անասուններին սար են բերում, բայց այդ ժամանակահատվածն էլ բավական է բնության բնական զարգացումը խախտելու համար։
Արգելոցի փոխտնօրենի խոսքով՝ բարձրլեռնային բնական ծագում ունեցող լճերում հազվադեպ կարելի է հանդիպել ջրլող թռչունների, իսկ մարդու ներգործությունը նվազեցնելու դեպքում Պետրոսյանը չի բացառվում, որ լճերում կավելանան թռչունների քանակն ու տեսակը։ Բացի այդ, լճերը կարող են անտառի տարածքում բնակվող կենդանիների համար ջուր խմելու վայր դառնալ։ Մինչդեռ, այսօր դրանք այստեղ գրեթե չեն գալիս` վախենալով հովիվներից ու հովվաշներից։
Ջղերի լճերն ու հարակից բարձունքը միակը չեն։ Արգելոցի տնօրինությունն այսպիսի 12 կետ է առանձնացրել, որոնք խանգարում են արգելոցի պահպանմանը։
«Խաչաձոր տեղամասի հարակից տարածքում Զիմի և Ալմալաղ լեռնագագաթներն են, սեպաձև խրված են արգելոցի տարածքի մեջ, բայց խորհրդային տարիներին դուրս են մնացել դրա սահմաններից ու մինչ օրս այդպես էլ չեն ներառվել, չնայած նրան, որ այդ տարածքում վաղուց արդեն ոչ ոք անասնապահությամբ չի զբաղվում»,– ասաց Արայիկ Պետրոսյանը։
«Խոսրովի անտառ» արգելոցը կազմավորվել է 1958թ–ին, Երևանի և Գառնու անտառպետությունների բազայի հիման վրա։ Արգելոցի սահմանների վերջին ճշգրտումն իրականացվել է 1986 թ-ին։ Խորհրդային տարիներին, երբ հարակից գյուղերում կոլտնտեսություններ էին գործում, որոնք մեծաթիվ նախիրներ ու ոչխարների հոտեր ունեին, ալպիական մարգագետինները անասնապահությանը հատկացնելը, արգելոցի փոխտնօրենը բնական է համարում, բայց այսօր այդ տարածքներում ընդամենը մի քանի տասնյակ անասուն է արածում, հանուն որոնց բնությանը վնաս հասցնելն Արայիկ Պետրոսյանն անտրամաբանական է համարում։
Խնդրի մասին արգելոցի տնօրինությունը տեղյակ է պահել բնապահպանության նախարարությանը։ Նոր սահմանների առաջարկներն էլ վիճելի տարածքների ներառմամբ, կառավարման նոր պլանի նախագծով ներկայացվել են կառավարության հաստատմանը։
Թեև նախագիծն առաջիկայում ներառվելու է գործադրի նիստի օրակարգում, արգելոցում այդ որոշման հետ մեծ հույսեր չեն կապում։
Բանն այն է, որ գործող կառավարման պլանով նույն փոփոխությունը նախորդ կառավարությունն արդեն հաստատել էր, բայց գործնականում ընթացք չէր տվել։ Տնօրինության խոսքով, հարցն ամեն անգամ բարձրաձայնվում է, տրվում են հանձնարարականներ, բայց հենց հարցը հասնում է մարզպետարան, մտնում է փակուղի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:


