ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը: Այս մասին հայտնում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով դիմավորեցին օդանավի առաջին ուղևորներին:
«Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթերը կխթանեն ուղևորահոսքի աճին, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում:
Շնորհավորում ենք ավիաընկերությանը կանոնավոր չվերթերի մեկնարկի կապակցությամբ և մաղթում անվտանգ թռիչքներ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:
«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:
«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:
Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։


