ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Անկասկած, գալիք գագաթնաժողովին ընդառաջ շոշափելի արդյունքների գրանցումը կնպաստի այս շրջանակներում ապագա արդյունավետ համագործակցությանը:
Վերջին երկու տարիների ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ և կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները, մասնավորապես` միացումը COSME և Հորիզոն-2020 ծրագրերին, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի, ինչպես նաև «Ստեղծագործ Եվրոպայի» շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք մտադիր ենք շուտով ավարտին հասցնել:
Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում ենք աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Այս առումով ակնկալում ենք ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը:
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում:
Գրեթե զուգահեռաբար քննարկեցինք և համաձայնության եկանք 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Այս երկու կարևոր փաստաթղթերը կառաջնորդեն Հայաստան-ԵՄ գործընկերությունն առաջիկա տարիներին և կօգնեն մեզ ամրապնդելու մեր փոխշահավետ համագործակցությունը:
Կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ մեր երկրին տրամադրված շարունակական օժանդակության համար, ներառյալ՝ Արևելյան գործընկերություն նախաձեռնության միջոցով, ուղղված Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացմանը և մեր երկրում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այս առումով ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը:
Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, որ հիմնարար ազատությունները հարգվել են, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը: Այս խորհրդարանական ընտրությունները հատուկ կարևորություն ունեին Հայաստանի՝ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցում կատարելու հարցում:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել Հանձնաժողովին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթի լրամշակված տարբերակը մեզ տրամադրելու համար, որով ոչ միայն առաջարկվում է գործողությունների լավ ծրագիր առաջիկա տարիների համար, այլև Արևելյան գործընկերության նոր՝ վերանայված կառուցվածք, ինչն անմիջականորեն կապված է այս բազմակողմ հարթակի շրջանակներում գործընկեր երկրների կատարողականի և, ինչն առավել կարևոր է, ընդհանուր պարտավորությունները կյանքի կոչելու քաղաքական կամքի հետ:
Մենք նաև վստահ ենք, որ տարբերակման սկզբունքը բացառիկ հնարավորություն է ընձեռում այդ շրջանակներում զարգացնելու բազմաոլորտ և բազմաշերտ համագործակցություն՝ դրանով իսկ մեզ թույլ տալով պահպանել գործընկերության ամբողջականությունը:
Հայաստանը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերության շրջանակներում մեր համատեղ ջանքերին, ինչպես գալիք գագաթնաժողովի, այնպես էլ մեր հետագա համագործակցության համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:


