ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Կասպերսկու լաբորատորիայի աշխատակիցները նախազգուշացնում են` օգտատերերի անձնական տվյալների ստացման համար սմարթֆոնները գտնվում են հարձակման նոր մեթոդներ մշակող կիբերհանցագործների ուշադրության կենտրոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում և Վրաստանում Կասպերսկու լաբորատորիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Համակարգչային անվտանգության ոլորտում միջազգային առաջնորդ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը ուրբաթ Երևանում անցկացրեց «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով սեմինար` ֆինանսական ընկերությունների ներկայացուցիչների համար։
Միջոցառման նպատակն էր մասնագետներին նոր կիբերվտանգների հետ ծանոթացնելը, հասկանալ, թե ինչպես կարելի է դրանց հակազդել, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտում միտումների ներկայացումը։
ՏՏ անվտանգության և բիզնես
Ինչպես նշեց Կարապետյանը` միջոցառումնը վերաբերում է ֆինանսական հատվածին։
«Սա հենց այն է, ինչն ամենից հաճախ է գրավում չարագործների ուշադրությունը։ Պատճառը պարզ է` մեծ գումարներ կան այնտեղ։ Հայաստանը, մյուս երկրների նման, կարող է ենթարկվել հաքերական հարձակումներին, այն 100%–ով պաշտպանված չէ։ Հենց այդ պատճառով դեռ շատ անելիքներ կան այս ոլորտում», – ավելացրեց նա։
Կարապետյանի խոսքով` հաքերներն ավելի ժամանակակից են գործում, իսկ ջարդելու մեթոդները բազմազան են։
«Մի կողմից մենք ավելի ուժեղ ենք դառնում, մյուս կողմից` հաքերները նոր մեխանիզմներ են մշակում։ Լաբորատորիան մի շարք լուծումներ ունի փոքր, միջին, խոշոր բիզնեսի և պետական կառույցների համար։ Մենք տարբեր մոտեցումներ ենք առաջարկում բիզնեսի պաշտպանության համար։ 20 տարի շարունակ մենք զբաղվում ենք թվային աշխարհի պաշտպանությամբ», – ասաց Կարապետյանը։
Բիզնեսի պաշտպանության տարրական մեթոդներ
Փորձագետը մի քանի խորհուրդ տվեց իրենց տվյալներն ու ֆինանսները պահպանել ցանկացող օգտատերերին։ Առաջին հերթին անհրաժեշտ է, որ օգտատերերը գիտակցեն լիցենզավորված ծրագրերի հետ աշխատելու կարևորությունը։
«Իհարկե, միշտ էլ գրավում է անվճար ծրագիրը, սակայն դա մեծ ռիսկ է սարքի համար։ Բոլոր լիցենզավորված ծրագրերը անհրաժեշտ է ժամանակին թարմացնել։ Երկրորդ քայլը հակավիրուսային ծրագրի տեղադրումն է։ Երրորդը` օգտատերը միշտ պետք է հետևի «հիգիենայի» կանոններին։ Չի կարելի բացել կասկածելի նամակները և անցնել «սենսացիոն» վերնագրեր և անվանումներ պարունակող հղումներով», – ասաց Հայաստանում և Վրաստանում Կասպերսկու լաբորատորիայի տարածաշրջանային ներկայացուցիչը։
Պետք չէ բոլորին ի ցույց դնել անձնական տվյալները. դեպքեր են լինում, երբ օգտատերերը սոցցանցում տեղադրում են վարորդական իրավունքի, անձնագրի լուսանկարներ կամ տեղեկություն իրենց գտնվելու վայրի մասին։
Կարապետյանի խոսքով` պետք չէ մոռանալ գաղտնագրերի հաճախակի փոփոխման, ինչպես նաև տարբեր ռեսուրսներում տարբեր գաղտնագրերի օգտագործման անհրաժեշտության մասին։
Ֆինանսական հաստատությունների թեման շոշափելիս փորձագետը նշեց, որ հայկական բանկերը վերջին տարիներին որոշակի աշխատանք են տարել` ուղղված անվտանգության մակարդակի բարձրացմանը, սակայն այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։
Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։


