Վերելակ

Ինչի հետևանքով էր վանաձորցի 14-ամյա աղջիկն ընկել վերելակի հորանը. ԱԻՆ–ի պարզաբանումը

40
(Թարմացված է 18:00 09.06.2017)
Պարզվել են Վանաձորում մայիսի 30–ին 14–ամյա Լուսինե Զաքարյանի վերելակի հորանն ընկնելու պատճառները։ ԱԻՆ–ի կողմից ստեղծված հանձնաժողովը կատարել է տեխնիկական քննություն և կազմել եզրակացություն։

ԵՐԵՎԱՆ, 9 Հունիս — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 01.06.2017թ. թիվ 600 հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որն իրականացրել է 2017թ. մայիսի 30-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում տեղի ունեցած ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննություն և կազմել եզրակացություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

ԱԻՆ եզրակացության մեջ տրված է վերելակի նկարագրությունը. «Վերելակը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում: Այն մարդատար է, 320 կգ բեռնամբարձությամբ, 0,71 մ/վ անվանական արագությամբ և 9 հարկային կանգառով:

Վերելակը 04.09.2006թ. գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, «Նարեկ» համատիրության կազմում՝ ԱՎՕ 6/2-0083, հերթական ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվել է 23.12.2016թ. և ստացել է դրական եզրակցություն»:

Ներկայացված են դժբախտ դեպքի հանգամանքները. «Ժամանելով դեպքի վայր, հանձնաժողովը պարզեց՝ վերելակը հոսանքազրկված է, իսկ խցիկը գտնվում է 8-րդ և 9-րդ հարկերի արանքում: Բոլոր հարկերում հորանի դռները փակ էին, իսկ վերելակի խցիկի դռները կիսափակ վիճակում արգելափակված էին:

Հանձնաժողովը, հիմնվելով ականատեսներ Նունե Մխիթարյանի, Վարդան Մխիթարյանի և Վիկա Արզումանյանի բացատրությունների վրա, պարզել է, որ ս/թ մայիսի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում Վիկա Արզումանյանը, Լուսինե Զաքարյանը և Նունե Մխիթարյանը մտնում են Աղայան 74/1 շենք հասցեում գտնվող մարդատար վերելակը և սեղմում 3-րդ հարկի կոճակը:

Վերելակը կանգնում է 3-րդ հարկում, Նունե Մխիթարյանը դուրս է գալիս վերելակից և նկատում, որ վերելակը հորանի և խցիկի բաց դռներով սկսում է շարժվել վերև: Լուսինե Զաքարյանը, տեսնելով, որ վերելակը շարժվում է բաց դռներով, փորձում է դուրս գալ վերելակից, ինչի հետևանքով, կորցնելով հավասարակշռությունը, խցիկի հատակի ու հորանի դռների շեմի միջև առաջացացած բացվածքով ընկնում է հորանը, իսկ վերելակը շարունակում է ընթացքը մինչև 6-րդ և 7-րդ հարկերի արանքը, որտեղ և Վիկա Արզումանյանը, տեսնելով, որ խցիկի դռները սկսում են փակվել, ոտքերով պահում է դռները և օգնություն կանչում:

Հարևանները, լսելով վերելակից եկող օգնության կանչերը, Վարդան Մխիթարյանի օգնությամբ վերելակից դուրս են բերում Վիկա Արզումանյանին, ապա իմանալով, որ Լուսինեն խցիկից ընկել է հորանը, իջնում են 1-ին հարկ և հորանի գետնախորշից հանում Լուսինեին, որին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց»:

ԱԻՆ հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է դժբախտ դեպքի պատճառը. «Արտադրական դժբախտ դեպքի պատճառ է հանդիսացել վերելակի բաց դռներով շարժվելը` դռների փակման էլեկտրական շղթայի չգործելու հետևանքով: Համաձայն «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 09.02.2006թ. թիվ 692-Ն որոշման պահանջների թիվ 307 կետի՝ «Հորանի և խցիկի դռների փակման հսկող անջատիչները պետք է անջատեն էլեկտրական շղթան, եթե հորանի և խցիկի դռների փեղկերից թեկուզ մեկը չի փակվում» և ըստ թիվ 310 կետի՝ «Հորանի դռների ավտոմատ փականների փակվելը վերահսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` դռները փակված չլինելու դեպքում»:

Տուժող Լուսինե Զաքարյանն ինքնուրույն փորձել է դուրս գալ շարժվող՝ վերև ընթացող, վերելակի խցիկից, այսինքն՝ ինքնաէվակուացման հետևանքով էլ ընկել է հորանը»:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին 14-ամյա Լուսինե Զաքարյանն ընկել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը: Նրա մոտ կոնքի երկու ոսկրի և երկու ազդրի կոտրվածք է գրանցվել:

40
Օնիկ Գասպարյան

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

16
(Թարմացված է 13:49 05.03.2021)
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին` ի վերջո Օնիկ Գասպարյանն այժմ աշխատանքից ազատվա՞ծ է համարվում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

16
թեգերը:
Զինված ուժեր, Բանակ, Անդրանիկ Քոչարյան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Դեղատուն, արխիավյին լուսանկար

Դիմակավորված ու զինված գողություն Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը

4
(Թարմացված է 13:50 05.03.2021)
Դանակով զինված կողոպտիչը մտել է դեղատուն, սպառնացել աշխատակցին, հափշտակել գումարն ու փախել։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։

Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։

Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով

4
թեգերը:
գողություն, Դեղատուն, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետին
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում