Զարուհի Փոստանջյան

Քաղաքապետին ընդդիմության բացակայությունը չի անհանգստացնում

12
Երևանի ավագանում հինգ մանդատ ստացած «Երկիր Ծիրանի» խմբակցությունն այսօր բոյկոտեց ավագանու առաջին նիստը, բայցև հայտարարեց, որ այսօրվանից սկսում է քաղաքապետարանի գրավումը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության 5 աթոռներն այսօր ավագանու առաջին նիստի ընթացքում դատարկ էին։ Խմբակցությունը նույն պահին զուգահեռ նիստ էր անցկացնում քաղաքապետարանի մուտքի մոտ։

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ խմբակցությունն այսուհետև թույլ չի տալու քանդել քաղաքը, վերահսկելու է Երևանի բյուջեն, մշտադիտարկում է անցկացնելու, թե որքան գումար է ծախսվում քաղաքի բյուջեից և ինչի վրա։ Նրա խոսքով` այսօրվանից սկսելու է քաղաքապետարանի գրավումը։

Երևանի քաղաքապետ վերընտրված Տարոն Մարգարյանին «Երկիր Ծիրանի» խմբակցության բացակայությունն առաջին նիստին չի անհանգստացնում, բայց առավել արդյունավետ աշխատանքի համար քաղաքապետը խորհուրդ է տալիս աշխատել ոչ միայն աշխատասենյակում ու դրսում, այլև նիստերի դահլիճում։

«Եթե ընդդիմությունը գա և ունենա լավ առաջարկներ՝ մենք պատրաստ ենք քննարկել հանուն մեր Երևանի»,– ասաց Տարոն Մարգարյանը` հավելելով, որ Զարուհի Փոստանջյանի հետ այսօր չի հանդիպել։

Երևանի քաղաքապետի պաշտոնում արդեն երրորդ անգամ ընտրված Տարոն Մարգարյանը խոստացավ շարունակել 2011թ–ից սկսած աշխատանքը` լավացնել տրանսպորտի և աղբահանության ծառայությունները, իսկ երևանցիներին խնդրեց չաղտոտել քաղաքը։

12