Իրան

Հայաստանը չպետք է խուճապի մատնվի Իրանի ահաբեկչությունից

89
(Թարմացված է 14:43 09.06.2017)
Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը մտահոգեց հայ հասարակությանը։ Փորձագետները կարծում են` խուճապի մատնվել պետք չէ, բայց անհրաժեշտ է խստացնել սահմանային անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար սխալ է խուճապի մատնվելը, բայց չի նշանակում, որ պետք է զգոնությունը թուլացնել: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս համոզմունքը հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

«Ահաբեկչական գործողությունները Հայաստանի սահմանին միշտ եղել են, այն օրվանից, երբ իսլամիստական խմբավորումները գոյություն են ունեցել: Պարզապես այլ խնդիր է, որ մեր սահմանակից երկրում նման մասշտաբի ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունեցել»,-ասաց Վարդանյանը:

Վարդանյանը կարծում է, որ ահաբեկչական գրոհով փորձել են Իրանին հունից հանել և երկրում ապակայունացնել իրավիճակը։

«Մինչդեռ իրանական մենթալիտետը հետևում է «յոթ չափիր, մեկ կտրիր» ասացվածքին: Սխալ կլինի, եթե Իրանից կտրուկ գործողությունների սպասենք»,-ասաց իրանագետը:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն էլ վերլուծեց այն պատճառները, որոնք կարող էին հիմք հանդիսանալ Իրանում ահաբեկչական գործողությունների համար: Նրա խոսքով՝ մինչ այժմ վերլուծաբանները հնչեցրել են երեք պատճառ, որոնք բացատրում են Իրանի դեմ ուղղված արշավը:

Առաջինն Իրանի և Կատարի գործակցային հարաբերություններն են: Հիշեցնենք, որ ավելի վաղ տասը մահմեդական պետություն խզեց հարաբերությունները Կատարի հետ: Սա այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակի ֆոնին Իրանի և Կատարի հարաբերություններն ավելի ջերմացան: Սաուդյան Արաբիային սա ձեռնտու չէ: Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ իրավիճակն ավելի սրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո:

«Երկրորդ խմբի վերլուծաբանների դիտարկմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորումը պարտություն է կրում Մոսուլում, պատճառը իրանական կողմի աջակցությունն է: Վերլուծաբանների մի փոքր հատված էլ համարում է, որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը պայմանավորված է ներքաղաքական զարգացումներով: Այստեղ տեսնում են պահպանողականների մեղքի բաժինը»,-ասաց Արտյոմ Տոնոյանը:

Агарон Варданян и Артем Тоноян
© Sputnik/ Asatur Yesayants
Ահարոն Վարդանյանն ու Արտյոմ Տոնոյանը

Իրանագետը, սակայն, հերքում է այս մոտեցումը, քանի որ մի կարևոր հանգամանք կա: Իրանում հարձակումներ տեղի ունեցան երկրի խորհրդանշական վայրերում՝ այաթոլա Խոմեյնիի դամբարանի մոտ և խորհրդարանի շենքում: Իրանը, լինելով պահպանողական երկիր, դժվար թե երկրում ունենար խորհրդանիշներն անարգող քաղաքական միավորներ:

Իրանագետները կարծում են, որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ցույց տվեցին, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ նման արհավիրքից:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Իրանում՝ այոթալա Խոմեյնիի դամբարանի մոտ ու խորհրդարանի շենքում, կրակոցներ էին հնչել: Վերջին տվյալով` 16 մարդ զոհվել էր, 43-ը` վիրավորվել։ Երկու հարձակումների պատասխանատվությունն էլ ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

89