Կիրիլն ու Մեթոդիուսը

Կրքեր կիրիլիցայի շուրջ. ովքե՞ր են ձեռնոց նետել Մաշտոցին

79
(Թարմացված է 00:20 09.06.2017)
ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան մի քանի օր առաջ առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ միասնական այբուբենի: Այս առաջարկը մեծ իրարանցում է առաջացրել հայ հասարակության որոշ շրջանակներում։ Ավելին՝ Վասիլևայի ասածը սխալ ու խեղաթյուրված մեկնաբանությունների թեմա է դարձել:

Անի Լիպարիտյան, Sputnik.

Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևվայի հայտարարությունից հետո համացանցի հայկական տիրույթում ծավալված բուռն քննարկումները զարմացրել են մասնագետներին։

Նրանք, ովքեր սիրում են ինտրիգներ հրահրել, իսկույն օգտվել են նախարարի ելույթից։

Այսպիսով, խոսքն ակնհայտորեն Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի մասին է, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո կիրիլիցայից անցում են կատարել լատինական այբուբենի։ Վասիլևան Հայաստանի մասին ոչինչ չի ասել։

«Ռուսական աշխարհը և ռուսերենը. Պատմական արմատները և զարգացման ուղղությունները» թեմայով համաժողովի ժամանակ Վասիլևան ասել է հետևյալը. «Վերջին 10 տարում շատ մեծ թեմա է եղել՝ այբուբենների լատինականացումը և արաբականացումը: Ահա հիմա մենք պետք է վերադառնանք միասնական այբուբենի ԱՊՀ տարածքներում, դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր, հարևան երկրների բնակչությունն այնուամենայնիվ խոսում է կիրիլիցայի հանդեպ կապվածության և անհրաժեշտության մասին»։

Հայաստանում կիրիլիցան երբևէ չի գործածվել և չէր էլ կարող գործածվել: Դեռ V դարում Մեսրոպ Մաշտոցն այդ հարցը մեկընդմիշտ լուծել է՝ ստեղծելով հայոց այբուբենը:

Քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է ռուս նախարարի հայտարարության շուրջ ծավալված իրարանցմանը։

«Համոզված եմ, որ գրագետ, կիրթ մարդը, ինչ ազգի ներկայացուցիչ էլ նա լինի, պիտի իմանա, որ հայերը սկսած 5-րդ դարից՝ գրում և կարդում են իրենց սեփական այբուբենով, և որ այդ այբուբենը սրբություն է նրանց համար: Այդ մասին գիտեին և՛ խորհրդային, և՛ մինչխորհրդային, և՛ ցարական կառավարման տարիներին։ Այն, ինչ ասել է կրթության նախարարը, իսկ ես գիտեմ, որ նա կրթված և հավատացյալ կին է, ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ ու քաղաքական խոշոր գործիչ, վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրներին», — նշեց Սաֆարյանը։

Փորձագետի խոսքով` 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ ասիական երկրները պետք է արաբական գրից` սուրբ Ղուրանի լեզվից անցնեին աշխարհիկ այբուբենի, հարց առաջացավ` ի՞նչ լեզվով պետք է գրեն բոլոր այս ժողովուրդները, որոնք պետականություն էին ստացել խորհրդային իշխանության շրջանակում։

«Այդ պահին ոմանք անցան լատինական այբուբենի, ոմանք որոշեցին պահպանել արաբական գիրը, իսկ 1936-1937 թվականներին Սահմանադրություն ստեղծելու պահին բոլորը կիրիլիցայի հիման վրա ստեղծված այբուբեն ունեին։ Խորհրդային Միության փլուզումից հետո թյուրքական աշխարհի երկրները որոշեցին մշակութային առումով միավորվել, իսկ հիմա էթնոմշակութային և քաղաքական հիմքի որոշել են նախապատվություն տալ իրենց թյուրքական ակունքներին», — նշեց նա։

Սաֆարյանն ավելացրեց, որ սկզբում Ադրբեջանն անցավ լատինական այբուբենի` Թուրքիային մոտ լինելու համար, հետո Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ իրենց երկիրը կանցնի լատինական այբուբենի, և դա թյուրքական ժողովուրդների սկզբունքային դիրքորոշումն էր։

«Կարծում եմ՝ այս գործընթացն արդեն անհնար է կանգնեցնել։ Կենտրոնական Ասիայի երկրներն այս ճանապարհով են գնալու, ես այլ տարբերակ չեմ տեսնում… Դժվար թե այն խառնաշփոթից հետո նրանք հետ կանգնեն», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Դատարկ խոսակցություններ

Տվյալ հարցի շուրջ բարձրացած աղմուկը Սաֆարյանն անհիմն է համարում. նա կարծում է, որ Հայաստանում իրարանցում են առաջացրել այն մարդիկ, ովքեր ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ:

«Նրանք հնարավոր և անհնար պատճառներ են փնտրում։ Սա այն հարցը չէր, որը կարելի էր այդքան ուռճացնել։ Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդային տարիներին, երբ Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում ղազախերենով դասավանդվող ընդամենը մեկ դպրոց կար, Հայաստանում դպրոցների մեծ մասում ուսուցումը հայերեն էր իրականացվում։ Եվ խոսքը ոչ միան Երևանի, այլ մարզերի դպրոցների մասին է», — ընդգծեց Սաֆարյանը։

1978 թվականին, երբ ազգային լեզվի հարցն էր քննարկվում, Հայաստանում և Վրաստանում ազգային շարժում սկսվեց, որն անհնար դարձրեց հայերենի և վրացերենի ժխտումը։

«Ռուսաստանը միշտ հանդուրժող է եղել այլ ազգերի մշակույթների նկատմամբ, այդ թվում՝ եվրասիական տարածքում ապրող ժողովուրդների։ Վատ չէր լինի, եթե մեր ազգին ուղղորդեին առնվազն երեք լեզվի իմացության` հայերեն, ռուսերեն և անգլերեն», — ասաց նա։

Սաֆարյանը կարծում է, որ երեք լեզվի իմացությունը փոքր երկրի համար դեռ քիչ է, «ինչքան շատ լեզու իմանանք, այնքան ավելի անվտանգ կլինի մեր երկրում ապրելը»։

Русская версия

79