ՀՀ քննչական կոմիտե

Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

17
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. 13-ամյա երեխայի՝ կամրջից ընկնելու հետևանքով մահանալու ահազանգը ստացվել է 2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 19։25-ի սահմաններում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվել են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մսին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը երեխան իր երկու ընկերների հետ ժամը 17-ի սահմաններում գնացել է Հրազդանի կիրճ՝ միասին ժամանակ անցկացնելու, որից հետո ոտքով բարձրացել են Դավթաշենի կամրջի վրա, որտեղ 13-ամյա տղան կամրջի մետաղյա խաչաձև կոնստրուկցիաների վրայով քայլելիս վայր է ընկել կամրջից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշենի կամուրջը և դրա հարակից տարածքների պահպանությունն ու հասարակական կարգի անվտանգության ապահովումը ՀՀ կառավարության թիվ 1008-Ն որոշմամբ իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից: Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան դեպքի օրը կամրջի մետաղական կոնստրուկցիաների վրա է բարձրացել կամրջի տակ գտնվող ոստիկանական հենակետի մոտից, տևական ժամանակ տեղաշարժվել, խաղացել դրանց վրա, ապա, կորցնելով հավասարակշռությունը, վայր ընկել և մահացել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ՀՔԾ։

17