ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը

Պոլիտեխնիկի ռեկտոր. «Բուհն այնպիսին պետք է լինի, որ գործատուն գա դրա դուռը»

45
(Թարմացված է 18:25 05.06.2017)
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մասնակցել է «Գերազանցության» կենտրրոնի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտիեն։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի-Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ընդլայնում է շառավիղը։ Այսուհետ այնտեղ կգործի «Գերազանցության» կենտրոն, որը կթիրախավորի երկու ուղղություններ` թույլ կտա պատրաստել արհեստավարժ մասնագետներ և էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար ինքնադրսևորման հնարավորություն կտա։

ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը զուգահեռ այլ հեռանկար էլ ուղենշեց` գերազանցության կենտրոնը ՀՀ-ում արդյունաբերական արտադրության զարգացման ու գրագետ զինտեխնիկայի հիմքերի կստեղծի։

«Հույս ունենք, որ «Գերազանցության» կենտրոնը կդառնա տարածաշրջանային: Մի փոքր կարող է լավ չհնչի այն ինչ ասում եմ, բայց բուհն այպիսին պետք է լինի, որ գործատուն գա բուհի դուռը: Մենք ձեռնարկեցինք նման քայլեր»,-ասաց ռեկտորը։

Դեռևս մարտի 8-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա, հանդիպում ունեցավ նաև «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ։ Նախագահը ֆրանսիական ընկերությունների հրավիրեց Հայաստան և առաջարկեց ներդրումներ կատարել` վստահեցնելով, որ մեր երկրում յուրաքանչյուր ներդրմանն անհատական մոտեցում կցուցաբերվի։

«Պատրաստ ենք ապահովելու ֆրանսիական բիզնեսի համար բարենպաստ ներդրումային հնարավորություններ»,-ընդգծել էր նախագահը։

Նախագահի ելույթից քիչ ժամանակ է անցել, և ֆրանսիական ընկերություններից մեկը` «Շնեյդեր էլէկտրիկը», հետևել է նախագահ Սարգսյանի հորդորին ու ներդրում կատարել Հայաստանում։ Այսօր ընկերության տնօրինությունը չի թաքցնում, որ հեռահար նպատակներ ունի Հայաստանի համար։

Այսպիսով, «Գերազանցության» կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով։

««Schneider Electric»-ի ցանկությունն է, որ կենտրոնը դառնա տարածաշրջանային։ Այն նպատակ ունի Հայաստան բերել 200-ից ավելի վերապատրաստման և վերաորակման մասնագետներ»,-ասաց Ոստանիկ Մարուխյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ԱՊՀ երկրներում «Schneider Electric»-ի տնօրեն Յոհան Վանդերպլաետսը համոզմունք հայտնեց, որ տարիներ հետո համաշխարհային ողջ հանրության ուշադրության կենտրոնում է լինելու խելացի մոտեցումն էներգառեսուրսների հանդեպ: Նա կարևորեց ուսանողների մասնագիտական պատրաստումը` շեշտելով, որ երկրի ապագան հենց երիտասարդ սերնդի ձեռքում է:

«Շնորհակալ ենք ՀՀ նախագահին, համալսարանի ռեկտորին, որ պատրաստում են ինժեներներ, որոնց կարիքն աշխարհն ունի»,- ասաց Յոհան Վանդերպլաետսը:

ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ ավելացրեց` այս նախաձեռնությամբ ստեղծում են` նոր մշակույթ գործատու, ապագա աշխատող, ուսանող փոխհարաբերություններում։

  • ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը
    ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը
    Пресс-служба Президента РА
  • ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը
    ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը
    Пресс-служба Президента РА
  • ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը
    ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը
    Пресс-служба Президента РА
  • ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը
    ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը
    Пресс-служба Президента РА
1 / 4
Пресс-служба Президента РА
ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Գերազանցության» կենտրոնի բացմանը

Տեղեկացնենք, որ «Գերազանցության» կենտրոնը նախընտրություն է տալիս արևային էներգիայի զարգացմանը։ Պոլիտեխնիկի շենքի տանիքին արդեն կարելի է նկատել արևային էներգակայաններ։

Միջոցառման կարևոր մասն էր «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջև քառակողմ համաձայնագրի ստորագրման արարողությունը:

 

45