Ճանապարհ

Հայկական ճանապարհներն ու ՊԱԿ–ը` որպես համազգային գաղափար

19
(Թարմացված է 12:36 05.06.2017)
Սերգեյ Բաբլումյան
Հունիսի 2–ին Երևանում ուղևորներով լի ավտոբուս էր կողաշրջվել, 14 մարդ տուժել էր, որոնց թվում էր նաև վարորդը։ Հայաստանի ճանապարհներին գրանցվող պատահարների թիվը քիչ չէ։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է Հայաստանի պետական անվտանգության կոմպոնենտի մասին, որն անմիջականորեն կապված է ճանապարհներին տիրող իրավիճակի հետ։

Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակագրությունից. մայիսի 31–ին Երևանում, Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի հետևանքով մի կին է մահացել։ Դրանից մեկ օր առաջ Հայաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, որի հետևանքով 17 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։ Երբ խոսքը վերաբերում է մի երկրի, որտեղ բնակչության մեծ աճ չկա, երկու օրվա ընթացքում գրանցված այս ցուցանիշը ոչ թե շատ է, այլ` չափազանց շատ։

Խոսակցություններն այն մասին, թե իրավիճակն ամեն տեղ էլ նույնն է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Նախ` ոչ ամեն տեղ, հետո էլ շատ երկրներում, որտեղ մինչև վերջերս փողոցներում իշխում էին «խիզախ» վարորդները, նրանք արդեն հեղինակություն չեն վայելում. օրենքն անողոք է նաև նրանց նկատմամբ։ Օրինակ` Վրաստանում։ Կամ Ռուսաստանում, որտեղ Ճանապարհապարեկային ծառայության տվյալների համաձայն` մահվան ելքով ՃՏՊ–ների ընդհանուր թիվը 2015 թվականի համեմատ նվազել է գրեթե վեց տոկոսով։

Ռուսաստանում ավտովթարների մեծ մասը տեղի է ունենում արագությունը գերազանցելու հետևանքով, ինչը երկու բարեկամ երկրների վարորդներին զգալիորեն «մերձեցնում է», սակայն` մի տարբերությամբ. չմոռանանք կովկասյան խառնվածքի մասին։

Համառոտ խոսենք Եվրոպայի և Ամերիկայի մասին, որտեղ մարդիկ նույնպես մահանում են ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով, բայց եկեք չհամեմատենք այն, ինչ համեմատության ենթակա չէ։ ԱՄՆ–ում առանց ամրագոտու ուղևոր տեսնելը նույնքան արտասովոր երևույթ է, որքան օրինակ խանութից կենդանի հավ առնող հաճախորդը։ Ի՞նչ էինք անում մենք մինչև վերջերս, երբ արտասահմանյան մակնիշի մեքենայի սեփականատեր էինք դառնում։  Ճիշտ է`ամրագոտիները փաթաթում էինք նստարաններին ու լռեցնում էինք մեր պարտականությունը չկատարելու մասին ահազանգող սարքը։  Մինչև այսօր էլ մարդիկ կան, որ հավատում են, թե նրանք, ովքեր երթևեկում են ամրագոտիներով, հաստատ արտասահմանցիներ են, որոնք սեփական պատկերացումներն ունեն երկրի կենցաղային մշակույթի առանձնահատկությունների մասին։

Հայաստանն առայժմ չի կարող «ճիշտ ավտոմոբիլային երկրի» կոչմանը հավակնել, քանի դեռ այստեղ ոչ բոլոր վարորդներն են սթափ գլխով մտածում, այստեղ եթե ոչ ամեն երրորդը, ապա չորրորդն անհոգ երթևեկող է, և ղեկի դիմաց էքսպրոմտ անելը նրանց ստիպում է ստեղծագործել,  այստեղ դեռ վերջերս կարելի էր վարորդական իրավունք ստանալ` առանց վարել իմանալու, և այստեղ մեքենաները թիվ ու համար չունեն…

Ինչու՞ ենք ձգձգում, ո՞ւմ ենք սպասում։ Կոտորվեցինք միացյալ համազգային գաղափար փնտրելով։ Իսկ այդ գաղափարը փողոցում գցած մեզ է սպասում։

Գործողությունների հերթականությունը կարող է տարբեր լինել, բայց ամենակարևորն այս պահին այն է, որ անհապաղ անցնենք մեքենաների անիվների տակ ազգն ինքնաոչնչացումից փրկելու գործին։ Մնացածը, այդ թվում` մշտական հայկական հարցը հետո կլուծենք։ Քանզի եթե ողջ չմնանք, մարդ չի լինի, որ այդ հարցի մասին խոսի։ Մանավանդ` լուծի։

Ահա թե որն է պետական անվտանգության կոմպոնենտը։ Կամ որպեսզի ավելի հոգեհարազատ ու հասկանալի հնչի` ՊԱԿ–ը։

Русская версия

19