ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայ խաղաղապահներին ՆԱՏՕ-ի գործընկերները միշտ բարձր են գնահատել, երկուշաբթի ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրվան նվիրված հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը։
«Մեր առաջին գումարտակը 2015 թվականին «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգ» ծրագրի շրջանակում երկրորդ մակարդակի քննությունը գերազանց հանձնեց։ Խաղաղապահության ավելի հարուստ պատմություն ունեցող շատ երկրներ այսպիսի գնահատական չեն ստանում։ Դա մեզ համար շատ կարևոր է», — ընդգծեց Սիմոնյանը` ավելացնելով, որ դա նաև լավագույն արդյունքն է տարածաշրջանի երկրների շրջանում։
Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին:
Մի անգամ նման նամակ է ուղարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը։
Ինչ վերաբերում է բարդություններին, ապա ամեն երկիրն իր առանձնահատկություններն ունի։
Աֆղանստանում շատ բարդ կլիմայական պայմաններ են` 40-50 աստիճան շոգ։ Սիմոնյանը հիշում է, որ այնտեղ ծառայության տարիներին ռազմական գործողությունները դադարեցվել են 62 աստիճան շոգի պատճառով, քանի որ զինվորները պարզապես տեղում կանգնած մահանում էին։
«40-50 աստիճան շոգը սովորական է։ Զրահաբաճկոնով և սաղավարտով ամեն մեկը չէ, որ կարող է դիմադրել փոշու, քամու և շոգի մարտահրավերը։ Եթե մենք չընտրենք ֆիզիկապես ուժեղներին, ապա նրանք 8-ժամյա ծառայությանը չեն դիմանա», — բացատրեց Սիմոնյանը։ Սական, նրա խոսքով, վտանգ կա նաև Կոսովոյում։ Տարիներ առաջ մի քանի ուկրաինացիներ մահացել են անկարգություների ժամանակ։
Նա նշեց, որ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, ցանկություն է հայտնել մասնակցել կազմակերպության խաղաղապահ առաքելություններին։ 2007 թվականին խաղաղապահների գումարտակը վերակազմավորվել է բրիգադի, որովհետև մեր առջև դրված առաջադրանքների թիվն ու ծառայության ձևերը մեծացել են։
«2012 թվականից հայ խաղաղապահները տեղափոխվել են Քաբուլ և իրականացնում են այդ տարածքի անցակետերի անվտանգությունը, քանի որ հենց անցակետերում են գործում մահապարտները: Նշեմ, որ մեր զինծառայողները երկու տեռորիստների են հայտնաբերել Քունդուզի օդանավակայանի տարածքում, որտեղ պետք է ժամանեին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ», — ասաց Սիմոնյանը։
ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր և ամեն տարի շուրջ 70 հայ խաղաղապահներ իրենց առաքելությունն են իրականցնում Կոսովոյում:
2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:
Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:
2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահներ:
Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014թ. դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի խաղաղապահ առաքելությանը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։
Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:
Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:
Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:
«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:
Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:


