ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Երեխաներին ավելի շատ ծեծում են Երևանում, քան մարզերում։ Համենայն դեպս, այս մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն դեպքերի գերակշիռ մասը տեղի է ունենում մայրաքաղաքում: Ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ մարզերում պարզապես գերադասում են կատարվածի մասին լռել:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա 4 ամիսների ընթացքում ոստիկանությունը բացահայտել է երեխաների նկատմամբ բռնության 59 դեպք, որոնցին 24-ը՝ սեռական բռնության դեպքեր են, 3-ը՝ թրաֆիքինգի՝ 1 դեպքում երեխային դրդել են աշխատանքային շահագործման, 2 դեպքում՝ մուրացկանության:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը, ներկայացնելով վիճակագրությունը, նշում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են 12-ով, ինչը, նրա համոզմամբ, պարբերաբար կատարվող կանխարգելիչ աշխատանքների արդյունք է:
«Մենք նաև ավագ դպրոցներում ունենք տեսուչներ, որոնք առավոտից մինչև դպրոցի փակվելն այնտեղ են, մանկավարժների հետ միասին աշխատանքներ են իրականացնում: Դրա արդյունքում այս տարի մենք նվազում ունենք, իսկ դպրոցներում ու դպրոցին հարակից տարածքներում չունենք արձանագրված դեպք՝ նախորդ տարվա 3-ի դիմաց»,- ասաց Նելլի Դուրյանը:
Դպրոցում ոստիկաններին հաջողվել է բացահայտել և կանխել միջանձնային հարաբերությունների 371 դեպք: Ի դեպ, հետաքրքրական է նաև այն փաստը, որ երեխայի նկատմամբ կիրառված բռնության մասին ոստիկաններին հայտնում են ոչ միայն ծնողները, հարազատները կամ ականատեսներն, այլ որոշ դեպքերում՝ հենց երեխաները, ովքեր Նելլի Դուրյանի խոսքով, ոստիկանին ավելի են վստահում, քան ծնողին կամ ուսուցչին:
«Երեխաները հիմնականում այն ընտանիքներից են, որոնք խնդիրներ ունեն. դրանք մեկ ծնող ունեցող երեխաներն են, նրանք, հատկապես դեռահասության տարիքում, չեն կարողանում երեխաների հետ շփվել, հասկանալ, լուծել նրանց խնդիրները: Նաև այն ծնողները, ովքեր անուշադրության են մատնում երեխաներին, դրդում են մուրացկանության: Հենց այս երեխաների ու ծնողների հետ է աշխատում ոստիկանությունը, քանի որ խնդիրը հենց ընտանիքի մեջ է»,- ասաց Դուրյանը:
ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն, ով աշխատանքի բերումով մշտապես լինում է նման ընտանիքներում, փաստում է, որ եթե ծնողը չի ցանկանում իր երեխայի հետ հաշտվել, սոցիալական աշխատողը ստիպված է լինում դիմել ոստիկանության աջակցությանը:
«Մեկ այլ բան է, եթե ծնողը գիտակցում է խնդիրը, բայց ի վիճակի չէ միայնակ լուծում գտնել, բավական հեշտ է այստեղ սոցիալական աշխատողի, հոգեբանի հետ աշխատել ու բերել մի կոնսենսուսի, երբ հնարավոր է որոշում կայացնել երեխայի հետագայի վեաբերյալ: Բայց եթե ծնողը դիմադրում է, երեխային մուրացկանության է դրդում, իր համար եկամտի աղբյուր է դիտարկում, այս դեպքում միայն մասնագիտական աշխատանքը բավական չէ»,- ասաց Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը:
Ի դեպ, այս տարի ևս ոստիկանությունը նախատեսում է կազմակերպել մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների ամառային հանգիստը: Երբեք Սևանա լիճը չտեսած երեխաները հնարավորություն կստանան ոչ միայն հանգստանալ լճի ափին ու նավով շրջագայել, այլև մտերմանալ ու իրենց խնդիրների լուծումը վստահել ոստիկանին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։
Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:
Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:
Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:
«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:
Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:


