ՀՀ կառավարություն

Վարչապետը աշխատակազմի ղեկավար–նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

71
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահե Ստեփանյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի-Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը ժամանակավորապես կստանձնի Դավիթ Հարությունյանի պաշտոնը։ Տեղեկացնենք, որ մինչև արդարադատության նախարար նշանակվելը Դավիթ Հարությունյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ հենց Կարեն Կարապետյանն է Վահե Ստեփանյանին բերել կառավարություն։ Մինչ այդ նա «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակազմի ղեկավար-տեղակալն էր։

Ստեփանյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 5-ին։ 1991-1996 թթ. սովորել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտում։ Զինապարտ է: 2010թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի: Վահե Ստեփանյանը ամուսնացած է, ունի երկու երեխա։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Նունե Խաչատրյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

 

71