Երևանը տարբեր ժամանակներում տարբեր գույներ է ունեցել: Օրինակ՝ նախահեղափոխական շրջանում Երևանում կառուցված շենքերի մեծ մասը սև է եղել: Թե որն է դրա գաղտնիքը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է հայտնի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը:
«Երևանի կենտրոնի տակ տուֆի շերտ կա: Բավական է ցանկացած տեղ մի քիչ փորեք և կհանդիպեք տուֆի շերտի: Սև տուֆ էր դա: Այսինքն, երբ երևանցիներից որևէ մեկն ուզում էր տուն կառուցել, բերում էր, տան տեղը նշում և սկսում էր փորել, հասնում էր տուֆի շերտին, տուֆը կտրում-հանում ու նույն այդ շենքի պատերն էր շարում: Դրա համար մեր քաղաքի կենտրոնի նկուղներն այդքան խորն են, իսկ շենքերը՝ սև քարից>>,-պատմեց Մարկ Գրիգորյանը:
Ստալինյան ժամանակաշրջանի շենքերն էլ բաց գույնի էին, հիմնականում՝ վարդագույն: Դրա բացատրությունն էլ կա:
«Հետո եկավ պանելային շինարարության ժամանակաշրջանը, դա ավելի վարդագույն էր, որովհետև Արթիկի տուֆն էժան էր: Հիմա սկսվել է մի նոր ժամանակաշրջան, երևի կարելի է կոչել խայտաբղետ՝ տարբեր գույներ, տարբեր շենքեր, տարբեր կողմից եկող ճարտարապետություն, մենք նույնիսկ չենք էլ կարողանում կողմնորոշվել ներկա վիճակի մեջ»,-ասաց Մարկ Գրիգորյանը:
Մարկ Գրիգորյանն ընդգծեց՝ ամեն նոր շենք կառուցելիս լսում ենք նույն փաստարկը, թե այն գեղարվեստական տեսք չունի: Եթե այդպես է, ապա դա թույլ է տալիս Գրիգորյանին եզրահանգել, որ կառուցվող շենքերի գեղարվեստական արժեքը շատ ավելի ցածր է գոյություն ունեցողներից:
«Եթե այդ նույն մոտեցումները մնան, մի 50 տարուց պիտի քանդվեն գեղարվեստական արժեք չունեցող շենքերը»,-թեմային փիլիսոփայորեն մոտեցավ Մարկ Գրիգորյանը՝ նշելով, որ այդ ժամանակ մենք կունենանք մեր երազած Երևանը:
Քաղաքը զարգանում է ժամանակի մեջ: Հայտնի լրագրողը կարծում է, որ խնդիրը մայրաքաղաքի զարգացումը ներդաշնակության մեջ ապահովելն է:
«Երևանը 18-19-րդ դարերում չի ունեցել մեծ ու գեղեցիկ պալատներ, շինություններ, որոնցով կարելի է հպարտանալ: Չկային, որովհետև այդ դարերին Երևանը փոքրիկ, գավառական քաղաք էր. պարսկական գավառական քաղաք, հետո ռուսական: Հարց է ծագում՝ արդյո՞ք մենք պետք է վերացնենք այդ անցյալը՝ համարելով, որ այն մեզ արժանի չէր: Ես համարում եմ, որ ոչ: Մենք ուրիշ անցյալ չենք ունեցել, պետք է կարողանանք ցույց տալ այն անցյալը, որն ունեցել ենք և ապրել դրա ներկայությամբ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք Երևանը պահպանել է իր հնությունն ապացուցող արժեքները, Մարկ Գրիգորյանը միանշանակ պատասխանեց՝ այո:
«Ես կարղ եմ ձեզ ուղեկցել և ցույց տալ երևանյան բերդի միջնապատը, Սուրբ Կաթողիկե եկեղեցին, որ 13-14 դարի հուշարձան է, մենք ունենք Շենգավիթի բլուրը, որ 6000 տարվա պատմություն ունի, Կարմիր բլուրը՝ 3000 տարվա պատմությամբ, Ավանի տաճարը՝ 6-րդ դարի…»,-հիշեցրեց նա:
Ի դեպ, Երևանի տեսքն անհանգստացրել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Հիշենք կառավարության՝ մայիսի 25-ի նիստը, երբ Կարապետյանը հանձնարարեց՝ պետք է ապահովել շենք-շինությունների միասնական տեսք, ոճ, ձև ու գույն: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը պարտավորվեց միասնական պահանջների վերաբերյալ չափանիշներ սահմանել: Երևանի քաղապետն էլ մեկ այլ հանձնարարական ստացավ՝ վերացնել գոյություն ունեցող բազմաբնակարանային շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածի ձևափոխումները:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։
Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:
Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:
Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:
«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:
Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:


