«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի կրճատումները խախտել են ԱԺ անդորրը: Տարիներ ի վեր այստեղ տեղավորված մարդիկ հազար ծանոթ-բարեկամ են խառնում՝ կրճատման տակ չընկնելու համար:
Օրինակ՝ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ուներ 24 օգնական, խորհրդական, ռեֆերենտ, այժմ կմնան 6-ը: Բնականաբար, դրանց մի մասն աշխատանքի չէր գալիս, գործն անում էին պատահաբար այդտեղ հայտնվածները: Այժմ Բաբլոյանը պետք է որոշի՝ պահե՞լ կուսակիցների չաշխատող զավակներին, թե՞ ոչ:
Ի դեպ, ԱԺ նախագահի օգնականներից մեկը Հայկ Բաբուխանյանի դուստրն է։ Այստեղ էին աշխատում Վարդան Այվազյանի, Մարգարիտ Եսայանի դուստրերը, Արկադի Ղուկասյանի եղբոր՝ Արեգ Ղուկասյանի որդին և այլք: Պատգամավորներն օգնականների հաստիքները դիտել են հարազատներին տեղավորելու միջոց․ «Ստաժը կգնա, կենսագրությունն էլ կգրվի՝ աշխատել է ԱԺ-ում»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես պնդում են մեր աղբյուրները, առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչությունների պետեր, նաև՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ:
Նկատենք՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ նախարարություն անակնկալ այցից հետո: ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման հաջորդ օրը եղավ Ս. Սարգսյանի հրամանագիրը՝ ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին. Սամվել Ղուկասյանի փոխարեն նշանակվեց նախագահականի թիկնազորի պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը: Ու հիմա, փաստորեն, մի շարք փոփոխություններ դեռ առջևում են»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածուն Հակոբ Հակոբյանը թեև չի ընտրվել պատգամավոր, սակայն շարունակում է քաղաքականության մեջ մնալ: Նրա տեղեկացմամբ շուտով հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության նոր փուլ է սկսվելու:
Արձանագրությունները սկսելու են քննարկվել և ընդունվել թուրքական ու հայկական խորհրդարաններում, քանի որ դրանց ընդունումը բխում է նաև Թուրքիայի շահերից: «Բայց ես կարծում եմ, որ ինչպես նախկինում Դաշնակցություն կուսակցությունը խնդիր ունեցավ և դուրս եկավ կոալիցիայի կազմից, նույնը կարող է հիմա կրկնվել»,- ասաց Հ. Հակոբյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմեն Աշոտյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի քվեարկության շուրջ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս։
Պարզվում է, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ նախապես պայմանավորված է եղել, որ քվեարկելու են բոլոր հանձնաժողովների ղեկավարների օգտին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։ Աշոտյանը ամենաքիչ ձայնն է ստացել։
Պարզվում է, սակայն, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանը Աշոտյանի օգտին բաց է քվեարկել՝ ի ցույց բոլորի: ՀՀԿ-ականները մեկնաբանում են, որ Հովիկ Աբրահամյանն այսկերպ ՀՀԿ-ին մոտենալու քայլեր է անում»:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:


