Խորհրդարան

Նորընտիր պատգամավորները երդվեցին բարեխիղճ լինել

29
(Թարմացված է 11:38 18.05.2017)
Վեցերորդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ պատգամավորները հնչեցրին երդման տեքստը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 18-ին, առավոտյան 10։00-ին մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներին հաջորդեց պատգամավորների երդման արարողությունը։

Նիստը նախագահող Կնյազ Հասանովը կարդաց երդման տեքստը.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։

Պատգամավորները միաձայն գոչեցին. «Երդվում եմ»։

Նշենք, որ ՀՀ նախագահն իր ողջույնի խոսքում շնորհավորեց ՀՀԿ-ին, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներին և ՀՅԴ-ին ազատ, թափանցիկ և բարձր գնահատական արժանացած ընտրությունների միջոցով ՀՀ գալիք 5 տարիների համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու համար։

«Շատ գործ ունենք, բայց ունենք նաև ամուր կամք, մեծ լավատեսություն, տարիների մնայուն փորձ»,- ասաց նախագահը

Խոսելով խորհրդարանի օրինաստեղծ գործունեության մասին` նա նշեց, որ թերի և վատ օրենքը ոչ միայն կիրառելի չէ, այլև` վնասաբեր։ Սարգսյանն ընդգծեց, որ խորհրդարանի անելիքը օրինաստեղծ գործունեությամբ չի սահմանափակվելու, քանի որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում խորհրդարանի էական դերը բարձրացել է նաև արտաքին քաղաքական հարցերում։

Նշենք, որ այս նիստում փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվեն Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները:

ԱԺ առաջին նիստում կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը նոր վարչապետ կնշանակի։

29
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

13
(Թարմացված է 10:55 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

13
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանին ուղղված հայտարարությունը, որը քննարկվել էր դռնփակ նիստում

9
Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վարքագիծը:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ԱԺ-ն այսօր նիստից առաջ 120 կողմ ձայնով միաձայն հաստատեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարությունը:

Հայտարարության մեջ նվում է, որ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորություններ, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:

Հիշեցվում է նաև, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ «Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին, Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները:

«ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»,– ասված է հայտարարության մեջ:

Ընդունած հայտարարությամբ Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը:

Հիշեցնենք` հայտարարության նախագիծը խորհրդարանին առաջարկել էին մի խումբ անկախ պատգամավորներ: Մարտի 2-ի նիստում որոշվեց այն քննարկել դռնփակ կարգով, ինչը և տեղի է ունեցել երեկ երեկոյան:

9