Սերժ Սարգսյանը Եռաբլուրում

Սերժ Սարգսյան. «Սա բռնության դեմ պայքարում հաղթած հերոսների տոնն է»

28
(Թարմացված է 11:40 09.05.2017)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի տոների առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. «Առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են: Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը նրանց հանդեպ: Նաև առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի և զարգացման հեռանկար»,- նշված է նախագահի ուղերձում:

Այնուհետև Սերժ Սարգսյանն անդրադարձել է Շուշիի ազատագրմանը. «1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ, Շուշիի ազատագրմամբ ոչ միայն Ստեփանակերտը, այլև Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: 

Հայ ռազմիկների այս սխրանքը և դրա ամբողջական պատմական նշանակությունն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատվել և վերլուծվել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սա մարդատյաց քարոզչության և բռնության դեմ պայքարի ելածների և այդ պայքարում հաղթած հերոսների տոնն է: Անմահները մեր շարքերում են, և սա բոլորիս տոնն է:

Մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք։»

28
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (102)