Մամուլ

Մամուլ. Շուշիի մասին խեղաթյուրված փաստերից մինչև պատգամավորական չհանդարտվող կրքեր

59
(Թարմացված է 10:13 09.05.2017)
Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 9-ի մամուլի տեսությունը։

«Փաստ». Կոմանդոս. «Ազատագրումից մեկ ամիս չէր անցել, որ ասացին՝ հրամանատարը եղել է մի մարդ, որը Շուշիում չէր եղել»

«Փաստ» օրաթերթը զրուցել է Շուշիի օպերացիայի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ:

«Ազատագրումից մեկ ամիս չէր անցել, որ ասացին՝ հրամանատարը եղել է մի մարդ, որն ընդհանրապես Շուշիում չէր էլ եղել. գալիս էր, քարտեզի վրա մի տառ էր դնում, գնում: Այդ խաղերը սկսվեցին առաջին օրվանից ու շղթայական ռեակցիայի պես գնաց: Վերջերս մեկը եկել, դիմում էր գրել, թե՝ ես եմ ազատագրել Լաչինը, հետո Շուշին, հետո էլ Ստեփանակերտը»,- թերթի փոխանցմամբ՝ ասել է Կոմանդոսը և հավելել. «Կարևորը՝ ժողովուրդը գիտի, ժողովուրդը հասկացավ, թե ով ով է»:

«Հայկական Ժամանակ». Լավրովի հայտարարությունը վտանգավոր է Հայաստանի համար

«ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու: Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղըզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական բազաները»,- թերթի փոխանցմամբ՝ երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,- ասել է նա: Թերթը վերլուծում է այս հայտարարությունը և եզրակացնում, որ Հայաստանի պարագայում առաջին հերթին գործում է աշխարհագրությունը: Հայաստանից շուրջ 400-500 կմ հեռավորության վրա ԻՊ-ի մասնակցությամբ ծավալվում են արյունալի իրադարձություններ Սիրիայում և Իրաքում: Այդ գործողությունների հետևանքով 10-յակ հազարավոր սիրիահայեր հեռացան Սիրիայից, նրանց մի մասն էլ հաստատվեց Հայաստանում:

«Մյուս կողմից Գյումրու ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակում է լուրջ վտանգի տակ դնել Գյումրին, Երևանն ու ամբողջ Հայաստանը»,- գրում է «Հայկական Ժամանակ»-ը:

«Ժամանակ». Պատգամավոր չդարձած՝ կհրաժարվեն

«Ժամանակ»-ը հայտնում է, որ «Գագիկ Ծառուկյանին հաջողվել է նախօրեին ԿԸՀ-ից իրենց ինքնաբացարկի դիմումը վերցրած և պատգամավոր դարձած 8 հոգուց խոստում ստանալ, որ ԱԺ առաջին նիստի օրը վայր են դնելու իրենց պատգամավորական մանդատները:

Մանդատները վայր դնելու մասին արդեն իսկ հայտարարել են Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Վահան Կարապետյանը»:

Ըստ թերթի, մանդատը վայր կդնի նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, որը ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը վերցնելուց ամենաբորբոքվածներից էր, հայտարարեց, որ իրեն խաբված ու վիրավորված է զգում եւ չի բացառվում, որ անգամ դուրս գա ԲՀԿ-ից:

«Հրապարակ». Արդարադատության նախարարի հավանական թեկնածուն

«Հրապարակ»-ը փորձել է պարզել, թե ով է փոխարինելու արդարադատության նախարարի պաշտոնում պատգամավոր դարձած Արփինե Հովհաննիսյանին:

Ըստ թերթի՝ հավանական թեկնածուների շարքում շոշափվում են Հրայր Թովմասյանի, Գևորգ Կոստանյանի, Հովհաննես Սահակյանի և Տիգրան Մուկուչյանի անունները: Ըստ թերթի՝ չի շոշափվել միայն ՀՀ նախագահի իրավական հացերով օգնական Հրայր Ղուկասյանի անունը, մինչդեռ նա, թերթի կարծիքով, ամենահավանական թեկնածուն է:

«Նա վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է, քրեական իրավունքի մասնագետ, դոցենտ, մասնակցել է մի շարք օրենքների մշակմանը: Աշխատել է որպես փաստաբան, նաև դասավանդել է ԵՊՀ —ում, 2014-ին նախագահի ռեֆերենտ է նշանակվել, 2016թ-ին՝ օգնական»,- գրում է թերթը:

«Ժամանակ». Արտաշատում կրքերը թեժանում են

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկարատև խմորումներից հետո Հովիկ Աբրահամյանի երբեմնի հակառակորդ Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո) որոշել է դարձյալ մտնել նախընտրական պրոցեսի մեջ:

Մասնավորապես, Ղազարյանի որդիներից մեկը՝ Հակոբ Ղազարյանը, որոշել է առաջադրվել Արտաշատի քաղաքապետի՝ հունիսին կայանալիք ընտրություններում: Ըստ տեղեկությունների՝ նրան աջակցելու է իշխող ՀՀԿ-ն։ Հովհաննես Ղազարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում չի ցանկացել խոսել ընտրությունների մասին՝ հայտարարելով, որ դեռ ժամանակը չէ:

Թերթը նաև հիշեցնում է, որ Արտաշատի քաղաքապետի նախորդ ընտրություններում Հովհաննես Ղազարյանն էլի առաջադրվել էր, բայց ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ էր հայտնել՝ պայքարում միայնակ թողնելով Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, որն էլ դարձել է Արտաշատի քաղաքապետ: Հովհաննես Ղազարյանը նախօրեին լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ իրենք Աբրահամյանների հետ արդեն բարիշել են, և ամեն ինչ անցյալում է»։

«Հայոց աշխարհ». Կոալիցիոն համաձայնագիրը կստորագրվի տոներից հետո

«Հայոց աշխարհ»-ն անդրադարձել է կոալիցիոն հուշագրի ստորագրման հարցին: ՀՀԿ-ն և ՀՅԴ կոալիցիոն համաձայնագիրն, ըստ թերթի, ամենայն հավանականությամբ, կստորագրեն մայիսյան տոնակատարություններից հետո:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը թերթի հետ զրույցում անդրադարձել է մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ-ն խնդիրներ ունի վարչապետ Կարապետյանի հետ ու ասել. «Նման հրապարակումները բացարձակ հիմնազուրկ են»:

59