ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են։ Սա գործող կարգն է, որը կոչված է կատարելու Հայաստանի և այլ պետությունների միջև տրանսպորտի ոլորտում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջները։
Սա այն դեպքում, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ միությանն անդամակցելուց հետո տրանսպորտային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն անդամ-պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումն է։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած որոշման նախագծով` գործող կարգը փոփոխության կենթարկվի։ Միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո Հայաստանում հաշվառված բեռնափոխադրողներն անդամ-պետության տարածքում կարող են իրականացնել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում։ Սրա շնորհիվ կկրճատվի միջազգային բեռնափոխադրման ծախսը, իսկ հայ բեռնափոխադրողը կունենա լրացուցիչ եկամուտ։ Դրան էլ կհետևեն ներդրումներն ու տրանսպորտային պարկի թարմացումը։
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել 2015 թվականին։
ԵԱՏՄ կանոնադրությամբ կաբոտաժային փոխադրումը ենթադրում է միջազգային փոխադրումների ճանապարհին միության մեկ այլ անդամ-պետության տարածքում մի կետից մյուսը բեռներ փոխադրելը։
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում


