Սերժ Սարգսյան

Աշխատանքի հանդեպ ստեղծագործ մոտեցումները մեր հայրենիքի կայուն զարգացման հիմքերն են

18
(Թարմացված է 13:33 01.05.2017)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայաստանցիներին և հայ ժողովրդին` Աշխատանքի օրվա կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Սերժ Սարգսյանն այսօր, Աշխատանքի օրվա կապակցությամբ, շնորհավորել է հայրենակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Շնորհավորական իր ուղերձում ՀՀ նախագահն ասել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է:

Խաղաղ աշխատանքն, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ:

Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողներն ու նախնիները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին:

Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին և ամրապնդել դրանք:

Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ և նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի և խավերի համերաշխությունը մեր հայրենիքի կայուն զարգացման ամենաամուր հիմքերն են: Վստահ եմ, որ դա է Հայաստանում արմատական փոփոխություններն իրականություն դարձնելու և տնտեսությունն արդիականացնելու ամենաճիշտ ճանապարհը:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են, այսինքն՝ դուք: Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր և արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով և խիզախումներով, որոնք լույս, ջերմություն և բարեկեցություն կբերեն Հայաստանի ամեն մի ընտանիքի:

 

18