Ալեքսանդրովի անվան համույթ

Ալեքսանդրովի համույթը փյունիկի պես վերածնվում է և պատրաստ է համերգ տալ Հայաստանում

65
(Թարմացված է 18:48 19.04.2017)
Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլն անցած տարվա աղետից հետո այսօր հանդես է գալիս նոր կազմով՝ պահպանելով նախկին ավանդույթները։ Համույթը պատրաստ է համերգ տալ նաև Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլը պատրաստ է նոր կազմով ելույթ ունենալ Հայաստանում: Այս մասին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում նշեցին «Վերածնունդ» միջազգային փառատոնի շրջանակում Գյումրիում գտնվող համույթի հիմնական կազմի երաժիշտներից երկուսը` Իգոր Ռաևսկին և Բորիս Դյակովը:

«Ահասարսուռ դեպքից հետո դա հայ ազգի ցուցաբերած վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնելու եզակի հնարավորություն կլինի»,- նշեց անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Ռաևսկին:

Նա համերգների կազմակերպմանն աջակցելու խնդրանքով արդեն դիմել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին:

Մինչ այս անսամբլը եղել է Հայաստանում, ճիշտ է` ոչ ամբողջական կազմով, իսկ այս առաջարկությունը վերաբերում է անսամբլի ամբողջական կազմին:

Անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ավիաաղետից հետո, երբ զոհվել էին Ալեքսանդրովի անվան անսամբլի արտիստներից 65-ը, համույթն արդեն նոր կազմ ունի։

«Հնարավորության դեպքում մեծ հաճույքով Հայաստան կգամ նոր կազմով: Տեսնում եմ, թե այստեղ մարդիկ ինչպես են արձագանքում մեր համույթի հետ տեղի ունեցած դեպքին. ցավակցում են, հարցեր են տալիս, սատարում են։ Եթե հնարավոր լինի, ու մենք կարողանանք համերգ տալ այստեղ, դա մեր պատասխանը կլինի ձեր վերաբերմունքին»,- նշեց անսամբլի մենակատար Բորիս Դյակովը, որը երջանիկ պատահականությամբ (ղեկավարի որոշմամբ) չէր մեկնել Սիրիայում նախատեսված համերգին:

Ռուս արվեստագետները չեն թաքցնում հայերի ու Հայաստանի նկատմամբ իրենց սերը:

«Իմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ բոլորովին այլ է. քրոջս ամուսինը հայ է, այնպես որ Հայաստանի մասին շատ բան գիտեմ, թեև առաջին անգամ եմ Հայաստանում: Երեկ գիշեր եմ եկել, բայց արդեն շատ ջերմ ու հյուրասեր ընդունելություն եմ տեսել։ Բոլորս նույն լեզվով ենք խոսում, այդ պատճառով էլ շատ հեշտ է մեզ համար շփվել»,- նշեց անսամբլի մենակատար Բորիս Դյակովը:

ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Ռաևսկին արդեն մեկ շաբաթ է` Գյումրիում է։ Նա մասնակցել է «Վերածնունդ» փառատոնի տարբեր մրցույթներին, վարպետության դասեր անցկացրել:

«Մեծ հաճույք եմ ստացել ու շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար: Իմացա, որ անվանակարգերից մեկը նվիրվելու է 2016 թվականի դեկտեմբերին ավիաաղետի զոհ դարձած Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտների հիշատակին»,- ասաց Իգոր Ռաևսկին՝ պատճառաբանելով, որ ինքն ինքնաթիռում չի եղել, քանի որ վերջին տարիներին չէր մեկնում որևէ համերգի։ Հետո ժպտալով ավելացրեց. «Տեսնո՞ւմ եք` միայն Գյումրի եմ եկել»:

Թեև Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլն արդեն նոր կազմ ունի և հասցրել է համերգային ծրագրով հանդես գալ Թուրքիայում, այնուհանդերձ գեղարվեստական ղեկավարն ասում է, որ դեռ անելիքներ շատ կան. ի վերջո, համույթի կազմը նոր է:

«Մենք փյունիկի պես վերածնվում ենք»,- նշեց Բորիս Դյակովը:

ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը կործանվել էր դեկտեմբերի 25-ին: Աղետի հետևանքով զոհվել էր 92 մարդ, որոնց թվում էին նաև Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի): Նրանք մեկնում էին Սիրիա՝ «Հմեյմիմ» ավիաբազայում ռուս զինծառայողների համար տոնական համերգ տալու համար:

Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի անվանակարգերում ավելացել է ևս մեկը՝ ի հիշատակ Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտների

Ալեքսանդրովի անվան Ռուսական բանակի երգ ու պարի ակադեմիական համույթը, որը երկու անգամ դարձել է Կարմիր դրոշի շքանշանակիր, Ռուսաստանի խոշորագույն զինվորական գեղարվեստական կոլեկտիվն է։ Հիմնադրման օրը համարվում է 1928 թվականի հոկտեմբերը, երբ կոլեկտիվը 12 հոգանոց կազմով առաջին անգամ ելույթ ունեցավ Կարմիր բանակի կենտրոնական տանը։ Արդեն 30-ականների կեսերին համույթի կազմը հասավ 300 հոգու, իսկ երաժիշտների համբավը դուրս եկավ Ռուսաստանի սահմաններից։

Русская версия

65