Վայոց Ձոր

Այծի վազքը գյուղացուն առայժմ ապրուստ չի բերում

37
(Թարմացված է 18:33 19.04.2017)
Վայոց ձորի բնությունն ի վիճակի է հոգալու մարզի բնակիչների սոցիալական խնդիրները, համոզված են ոլորտի մասնագետները: Անհրաժեշտ է միայն, որ գյուղացիներն իրենք էլ գիտակցեն դա և բնության բարիքները հօգուտ իրենց օգտագործեն:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Վայոց ձորի բնությունը կարող է լուծել մարզի բնակչության խնդիրները, բայց դրա համար գյուղացին նախ պետք է գնահատի և պահպանի, ապա նաև հօգուտ իրեն ծառայեցնի բնության ընձեռած հնարավորությունները: Այդ համոզման են հանգել բնապահպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների մասնագետները: Որոշում է կայացվել աջակցել գյուղացիներին ու դրանով նպաստել բնության պահպանմանը:

Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի, ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ բացված գյուղատնտեսական և անասնաբուժական կենտրոնը հենց այդ նպատակին է ծառայելու:

«Կենտրոնը հնարավորություն կտա մարզը զարգացնել, սոցիալական տեսակետից առավել ընկալելի և էկոլոգիապես ընդունելի մոտեցում կիրառել գյուղատնտեսության այս հատվածներում»,- բացման արարողության ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունն այն հիմնական ուղղություններից է, որն էապես ազդում է շրջակա միջավայրի վրա: Բացի այդ, այս ոլորտի ցուցանիշները մեր երկրում շարունակում են ցածր մնալ: Նախարարի համոզմամբ՝ ավելի մեծ շահույթ և առավելագույն օգուտ ստանալու համար գյուղացին կարիք ունի կրթվելու և մասնագիտական օգնություն ու խորհրդատվություն ստանալու:

Министр охраны природы Арцвик Минасян посетил Вайоц Дзор
© Sputnik / Nelli Danielyan
Արծվիկ Մինասյանը` Վայոց Ձորի մարզում

«Համայնքը, քանի դեռ առարկայական չի տեսել այն օգուտը, որը պետք է ստանա բնությունը պահպանելուց, դժվար թե այսօր գնահատի դրա նշանակությունը: Բայց, մյուս կողմից, կարևոր խնդիր կա. մենք պետք է ուժեղացնենք մեր էկոկրթության մակարդակը, որ վերաբերում է բոլոր տարիքային խմբերին ու կրթական մակարդակներին: Եթե այսօր չկարողանանք դա անել, վաղը ցանկացած ծրագիր օգտակար չի լինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Կենտրոնը, որ նախատեսված է մարզի 44 համայնքների համար կառուցվել է Գեմանիայի կառավարության 455 000 եվրոյի աջակցությամբ:

Министр охраны природы Арцвик Минасян посетил Вайоц Дзор
© Sputnik / Nelli Danielyan
Գյուղատնտեսական և անասնաբուժական կենտրոնի բացման արարողությունը

Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցի ընթացքում բնապահպանության նախարարն այցելեց նաև Խաչիկ գյուղ, որտեղ համայնքին հանձնվեց գյուղատնտեսական տեխնիկա և պտղատու ծառերի 4000 տնկի՝ նոր այգիներ հիմնելու համար:

Министр охраны природы Арцвик Минасян посетил Вайоц Дзор
© Sputnik / Nelli Danielyan
Նոր գյուղտեխնիկան` Խաչիկ գյուղում

Բայց մինչ նոր այգիները պտուղ կտան, համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը նշեց, որ անգամ այսօր ստացած փոքրաթիվ բերքը գյուղը չի կարողանում սպառել մարզկենտրոնից չափազանց հեռու լինելու պատճառով:

«Չրանոցներ ենք նախատեսում կառուցել՝ չիր պատրաստելու համար, կաթի վերամշակման ուղղությամբ ենք մտածում: Պարզապես խնդիրն այն է, որ առայժմ շատ փոքր քանակի արտադրություն ենք կարողանում իրականացնել, և գյուղի հեռավորության պատճառով ունենք իրացման խնդիրներ»,- ասաց գյուղապետը:

Բնապահպանության նախարարն էլ վստահեցնում է, որ ծրագիրն առաջին շոշափելի արդյունքը կտա 3 տարի հետո, երբ նոր հիմնվող այգիներն առաջին բերքը կտան, գյուղն էլ կապահովվի կայուն ոռոգման համակարգով:

Глава села Вайоц Дзор Вардан Нерсисян
© Sputnik / Nelli Danielyan
Վարդան Ներսիսյան

Իսկ մինչ այդ խաչիկցիները պետք է կարողանան օգտվել հայրենի բնության ընձեռած հնարավորություններից:

«Երբ այստեղից նայեք, կտեսնենք, որ հայկական մուֆլոնը կամ բեզոարյան այծն այն ժայռի վրա կանգնած է: Սա նշանակում է, որ գյուղը դառնում է գրավիչ տուրիստների համար: Եթե այս սարերում վազվզող բազմաթիվ բեզոարյան այծեր լինեն, հավատացնում եմ ձեզ, որ տուրիստների վճարներից շատ ավելի մեծ եկամուտ է լինելու համայնքի բնակչի համար, քան որս անելուց»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Իսկ զբոսաշրջիկները Վայոց ձորի լեռներ, թեև հազվադեպ, բայց գալիս են: Բեզոարյան այծերի ազատ վազքն էլ այստեղ, թեև հզոր հեռադիտակներով, բայց տեսանելի է: Մնում է, որ այդ ամենից օգտվեն նաև հեռավոր սահմանամերձ գյուղերի բնակիչները:

Русская версия

37