Մամուլ

Մամուլ. Երևանի ավագանու ընտրությունից մինչև «ՍԱՍ»-ի Արտակի եղբոր պատիժը

72
(Թարմացված է 10:55 19.04.2017)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 19–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Նոր «էքշըն»` «թաղապետեր» վերնագրով

«Հրապարակ» թերթը ենթադրում է, որ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններով մեկնարկելու է նոր «էքշըն»` «թաղապետեր» վերնագրով, քանի որ նոր քաղաքապետի ընտրությամբ թաղապետերը դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և պետք է տեղի ունենան նոր նշանակումներ:

Ըստ թերթի այս գործընթացին հատկապես պատրաստվում է Սամվել Ալեքսանյանը, որը «ցանկանում է Մալաթիա-Սեբաստիայից բացի, Շենգավիթի թաղապետի պաշտոնում նույնպես ունենալ իր մարդուն»:
Ընտրությունն էլ թերթի համոզմամբ, երեք ֆավորիտների միջեւ է` Կադիլակ Սերոժի, Բելաջիոյի Սերգեյի զարմիկի եւ գեներալ Սեյրան Սարոյանի ԱԺ խորհրդական Գեւորգ Ստեփանյանի, ով ԱԺ ընտրություններում Ալեքսանյանների համար ձայներ է ապահովել Շենգավիթում:

«Փաստ». Զարուհի Փոստանջյանի հովանավորը մոսկվաբնակ հայ միլիարդատեր է

«Փաստ» օրաթերթը պարզել է, որ Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է: Ըստ թերթի՝ Զարուհի Փոստանջյանի հետ նրա համագործակցությունը սկսվել է դեռ անցյալ տարի:

«Փաստ»-ը նաև հայտնում է, որ Մոսկվայում Գրիգորյանին են պատկանում մեծ թվով բնակելի շենքեր, հյուրանոցներ, ավտոկայանատեղեր, ինչպես նաև «Օլիմպիկ պլազա», «Նիկոլսկայա պլազա», «Երոպկինսկի-16» եւ այլ առեւտրային օբյեկտներ: «Forbes»-ը Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազա» առեւտրի կենտրոնը գնահատվում է մինչեւ 250 միլիոն դոլար:

Ռուբեն Գրիգորյանը մշտապես խնդիրներ ունի բնապահպանական եւ ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունների հետ: Իսկ ճարտարապետական ազգային արժեքներին հետեւող «Արխնադզոր» ՀԿ-ն մշտապես բողոքի ակցիաներ է կազմակերպում նրա դեմ՝ համարելով, որ «Ռուցոգը» ոչնչացնում է ազգային արժեքները:

«Ժողովուրդ». Արտակ Սարգսյանն անպատիժ կմնա, եղբայրը՝ սիմվոլիկ կպատժվի

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է՝ ԱԺ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արտակ Սարգսյանի անձի և հայտնի ձայնագրության շուրջ շարունակվող սկանդալին:

Թերթի աղբյուրները նշում են, որ քանի որ կատարվածը հանցագործության տարրեր է պարունակում, լավագույն դեպքում որոշում կկայացվի նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի նկատմամբ սիմվոլիկ պատիժ հարուցել: Իսկ Արտակ Սարգսյանն անձամբ անպատիժ կմնա:

Թերթը հիշեցնում է, որ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ում կազմակերպված նախընտրական ժողովի ժամանակ Ա. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը շանտաժով ու սպառնալիքներով ստիպել էր ընկերության աշխատակիցներին ձայներ բերել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այդ ժողովի ձայնագրությունը հրապարակվել էր hayastan24 կայքում, եւ հիմա գլխավոր դատախազի որոշմամբ ՀՔԾ-ում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

«Հայկական ժամանակ». Գեղարքունիքի նոր մարզպետը՝ նախկին ՕԵԿ-ական

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակեցրել են, որ Գեղարքունիքում մարզպետ է նշանակվելու Կարեն Բոթոյանը՝ Շինանյութի Սերգեյի փեսան, որը նախորդ գումարման խորհրդարանում նախապես հանդես էր գալիս որպես ՕԵԿ-ի պատգամավոր:

«2014 թվականին, սակայն, երբ ՕԵԿ-ը հերթական անգամ լքեց իշխող կոալիցիան՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած Բոթոյանը լքեց այդ կուսակցությունը: Ապրիլի 2-ի ընտրություններում Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզում առաջադրվել էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով եւ թեկնածուների մեջ ամենաշատ՝ 14.932 հազար ձայն էր ստացել»,- գրում է թերթը՝ հավելելով, որ այժմ Բաթոյանը, որպես փոխհատուցում, իշխանություններից ստանում է մարզպետի պաշտոնը:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը չի հաստատել՝ ասելով, որ կուսակցությունում դեռ նման քննարկումներ չեն եղել: Այդուհանդերձ, ՀԺ-ն պնդում է, որ Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ այդ նշանակման արդյունքում մանդատ է ստանալու եւ վերադառնալու է ԱԺ:

«Ժողովուրդ». Անիմաստ ծախսեր

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է պետական բյուջեից կատարվող անիմաստ ծախսերից մեկին: Թերթի համոզմամբ, դա պետական գերատեսչություններում համապատասխան օրենքի պահանջով գործող ներքին աուդիտի վարչություններն են:

«Համաձայն օրենքի դրանք գործում են կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Այսինքն՝ պետական գերատեսչության ղեկավարը հանձնարարում է ստուգել իր գերատեսչության աշխատակիցներին կամ ինքն իրեն»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ եզրակացնելով, որ այդ կառույցներն իրականում ոչ թե բացահայտում են կոռուպցիան, այլ հենց նախարարի հրամանով «ծածկադմբոց անում»:

Թերթը նաև ահազանգում է, որ նախարարությունների աշխատակազմերը շարունակում են ուռճացված մնալ և ՀՀ բյուջեի համար լուրջ բեռ հանդիսանալ: Եվ իշխանություններին առաջարկում է ԾԻԳ-են ու ՊՈԱԿ-ները կրճատելուց բացի նաև այս խնդրին անդրադառնալ:

«Հայկական ժամանակ». Թուրքիայի պատժամիջոցների վերացումը կվնասի Հայաստանին

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է երեկ Մոսկվայում ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի եւ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկի միջեւ տեղի ունեցած բանակցություններին՝ Թուրքիայի դեմ Ռուսաստանի հայտարարած պատժամիջոցների վերացնելու թեմայով:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը պայմանավորվել են առավելագույնս կարճ ժամկետներում վերացնել պատժամիջոցները: «Սա ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա,- գրում է թերթը,- «խնդիրն այն է, որ այդ պատժամիջոցների շնորհիվ մեր արտադրողները որոշակիորեն ավելացրել էին արտահանումները դեպի Ռուսաստան:
Խոսքը, մասնավորապես, բանջարեղենի եւ թեթեւ արդյունաբերության արտադրանքի մասին է: Թուրքական որոշ ապրանքներ ներմուծվում էին Հայաստան եւ հայկականի անվան տակ վերաարտահանվում Ռուսաստան, ինչը եւս դրական ազդեցություն էր թողնում մեր տնտեսության վրա»:

Թերթի համոզմամբ, եթե ռուս- թուրքական բանակցությունները հաջող ավարտվեն, եւ պատժամիջոցները վերացվեն, հայ արտադրողներն ու վերաարտահանողները շոշափելի կորուստներ կկրեն:

72