Համացանցային աշխատանք

ԵՊԲՀ–ն արդեն ունի էլեկտրոնային գրադարան

228
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ այսօր ուսանողներին ներկայացվեց բուհական համակարգում նորարական մի ծրագիր` «Էլեկտրոնային բժշկական գրադարանը»։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի-Sputnik. Այսուհետև ԵՊԲՀ-ի ապագա բժիշկները հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Այդ մասին հաղորդում է համալսարանի մամուլի ծառայությունը։

«Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական օրդինատոր իր ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային տիրույթ և, ըստ ուսումնական տարիների, օգտվել բուհական կրթության համար անհրաժեշտ գրականությունից: «Էլեկտրոնային բժշկական գրադարանում» ներբեռնված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները կստուգեն և կամրապնդեն իրենց գիտելիքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքի միջոցով հնարավոր կլինի անցնել նաև տեսադասընթացներ։ Այնտեղ ներառված կլինեն անցած դասընթացները։ Այդ մտահղացման շնորհիվ ուսանողները կկարողանան կրկնել դրանք։

«էլեկտրոնային գրադարանի մեկնարկը բուհի միջազգայնացման կարևոր ապացույցներից է և նպատակ ունի ուսումնական գործընթացն առավել դյուրին և մատչելի դարձնել»,- ասել է Արմեն Մուրադյանը։

Էլեկտրոնային գրադարանը հասանելի է www.ysmubooks.am էլեկտրոնային հասցեով, իսկ առաջարկների և հարցերի համար կարող են գրել info@ysmubooks.am հասցեով:

228