Ալեքսանդրովի անվան երգչախումբ

Ալեքսանդրովի երգչախմբի փրկված երաժիշտները ներկա կլինեն «Վերածննդին»

29
Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային փառատոնի կազմակերպիչները նոր անվանակարգ են սահմանել` ի հիշատակ Ա.Վ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտներին, որոնք ավիաաղետի զոհ էին դարձել անցած տարեվերջին։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ալեքսանդրովի անվան երաժշտական համույթի հիմնական կազմի երաժիշտներից երկուսը` Իգոր Ռաևսկին և Բորիս Դյակովը, որոնք տարբեր պատճառներով խուսափել էին անցած տարվա չարաբաստիկ չվերթից, կժամանեն Գյումրի և ներկա կլինեն «Վերածնունդ» IX միջազգային փառատոնի բացմանը։

«Ավիաաղետի զոհ դարձած համույթի երաժիշտների հիշատակը վառ պահելու համար մենք նոր անվանակարգ ենք սահմանել, որը կոչվում է «ռազմական երգչախումբ և նվագախումբ» ։ Այսուհետև փառատոնը 19 անվանակարգ կունենա», — լրագրողների հետ զրույցում ասաց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը։

«Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության հռչակման 25-ամյակին և Գյումրու պետական կոնսերվատորիայի մասնաճյուղի 20-ամյակին։ Փառատոնին կմասնակցեն աշխարհի 40 երկրներից ժամանած երաժիշտներ։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը կործանվել էր դեկտեմբերի 25-ին: Աղետի հետևանքով զոհվել էր 92 մարդ, որոնց թվում էին նաև Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի): Նրանք մեկնում էին Սիրիա՝ «Հմեյմիմ» ավիաբազայում ռուս զինծառայողների համար տոնական համերգ տալու համար:

Ալեքսանդրովի անվան Ռուսական բանակի երգ ու պարի ակադեմիական համույթը, որը երկու անգամ դարձել է Կարմիր դրոշի շքանշանակիր, Ռուսաստանի խոշորագույն զինվորական գեղարվեստական կոլեկտիվն է։ Հիմնադրման օրը համարվում է 1928 թվականի հոկտեմբերը, երբ կոլեկտիվը 12 հոգանոց կազմով առաջին անգամ ելույթ ունեցավ Կարմիր բանակի կենտրոնական տանը։ Արդեն 30-ականների կեսերին համույթի կազմը հասավ 300 հոգու, իսկ նրա համբավը դուրս եկավ Ռուսաստանի սահմաններից։

Русская версия

29