Սարգիս Հացպանյան

Հացպանյան. Էրդողանի երազանքները՝ սուլթան դառնալու մասին, նրա կոկորդին կկանգնեն

49
(Թարմացված է 14:35 18.04.2017)
Առաջին անգամ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը պարտվել է Թուրքիայի մայրաքաղաքում և երկրի խոշորագույն քաղաքներում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանրաքվեի միջոցով երկրում սուլթանություն հաստատելու փորձը արտաքին ուժերի կողմից մշտական ճնշման պատճառ է դառնալու, այդպես է կարծում տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։

Նրա խոսքով, 1923 թվականից այս կողմ առաջին անգամ է, որ ընտրություններն անցկացվում են այսքան հանդուգն ընտրակեղծիքներով։ Ընտրական գործընթացի ժամանակ գրեթե բոլոր ալիքները քարոզում էին փոփոխությունների ընդունման «կողմ», քրդերին եթերային ժամեր չեն տրվել։

«Ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում «ոչ»-ը առաջատար էր, միայն վերջին երկու օրվա ընթացքում ինչ-որ կազմակերպություններ հարցումներ են անցկացրել, որոնք պետք է պատրաստեին այժմյան արդյունքը»,- ասաց Հացպանյանը։ 

Նա նշեց, որ «կողմ» և «դեմ» ձայների տարբերությունը շատ փոքր էր, իսկ 2,5 միլիոն չփակված ծրարներից, որոնք վավեր են համարվել, ճնշող մեծամասնությունը «կողմ» էին։ Եվս մեկ միլիոն ընտրաթերթիկ ճանաչվել է անվավեր, ընդ որում, դրանցից 90% «դեմ» էին։

Նա նշեց, որ Էրդողանը կիրառել է արդյունքները կեղծելու բոլոր հնարավոր միջոցները, քանի որ նա հասկանում էր, որ պարտվում է։ Կա տեսանյութ, որում երևում է, որ կնիքը դրվում է ծրարների վրա, ընտրությունների ավարտից հետո։

Միաժամանակ, Հացպանյանը ուշադրություն դարձրեց, որ ի տարբերություն եվրոպական կառույցների, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն շտապում գնահատականներ տալ՝ կոչ անելով սպասել ընտրությունների ավարտին։ Թրամփը շնորհավորել է Էրդողանին, սակայն ԱՄՆ պետական դեպարտամենտը սպասում է ԵԱՀԿ-ի գնահատականին։

Մյուս կողմից էլ, Հացպանյանի կարծիքով, սխալ կլինի մտածել, թե Էրդողանը հաղթել է։

«Երկրի կեսը հիմա նրա դեմ է։ Առաջին անգամ «Արդարությունն ու զարգացումը» կորցրել է ձայների մեծամասնությունը երկրի 17 կարևորագույն քաղաքում, այդ թվում` Անկարայում և Ստամբուլում։ Այդ քաղաքների բնակիչների մեծամասնությունը «դեմ» է քվեարկել։ Էրդողանի երազանքները՝ սուլթան լինելու վերաբերյալ, նրա կոկորդին կկանգնեն»,- ասաց Հացպանյանը։

Նա չի կարող իր քաղաքականությունը վարել՝ հաշվի չառնելով բնակչության կեսի կարծիքը, նույնիսկ եթե նա «սուլթանի» կարգավիճակ ստանա։ Դա չի պակասեցնի նրա հակառակորդների դժգոհությունը, մասնավորապես, քրդերի շրջանում իրավիճակը կարող է ավելի սրվել։

Փորձագետի կարծիքով, հենց այդ պատճառով նրա առաջին որոշումներից մեկը կլինի մահապատիժ մտցնելը։ Դա, իր հերթին, նշանակում է ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացում, բայց Էրդողանը գիտակցաբար է այդպես վարվում։

Արևմտյան երկրները Թուրքիայի հետ հարաբերություններում Էրդողանի դեմ կօգտագործեն այն փաստը, որ նրա կողմից է բնակչության ընդամենը կեսը։ Ընդ որում, ըստ փորձագետի, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ամբողջությամբ չեն հրաժարվի Թուրքիայից, քանի որ ռազմա-տնտեսական առումով նրանք սերտ կապված են։

«Եթե Թուրքիայում ներդրումային ծրագրերը սառեցվեն, ապա այնտեղ միանգամից հասարակական երկրաշարժ տեղի կունենա։ Հիմա Թուրքիայի տնտեսությունը ողբալի վիճակում է։ Եթե չլիներ Սաուդյան Արաբիան, Կատարը և Քուվեյթը նրանց 15 միլիոնանոց ներդրումներով վերջին ամիսների ընթացքում, թուրքական բորսան կլիներ փլուզման եզրին»,- ասաց Հացպանյանը։

Նախնական տվյալների համաձայն, թուրքական սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն ընդլայնում են երկրի նախագահի լիազորությունները, ապրիլի 16-ին հաստատել են քվեարկողների 51,3%։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը արդեն հայտարարել է, որ նախատեսում է երկրում վերականգնել մահապատիժը։

Русская версия

49