Մամուլ

Մամուլ. Ի՞նչ է կատարվում ՀՀԿ- ի խոհանոցում, Սամվել Բաբայանի և Ռոբերտ Քոչարյանի հետ

35
(Թարմացված է 12:13 18.04.2017)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 18–ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Երկուսով քննարկում են պաշտոնյաներին

ՀՀԿ-ում դեռևս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահի, ինչպես նաև՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է:

Նրանցից յուրաքանչյուրն իր համար ցանկալի թեկնածուների է առաջարկում, ու դեռևս վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում: Մեկը պնդում է, որ ԱԺ լավագույն նախագահը կլինի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, մյուսն ասում է, թե Էդուարդ Շարմազանովը երիտասարդ է, լավ կլինի՝ նա լինի:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ դեռևս վերջնական որոշում չկա նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ թերթի տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել նաև նախարարների իր թիմում, և այս առումով որոշակի անակնկալներ են սպասվում:

«Հայկական ժամանակ»․ Կարեն Կարապետյանը չի ուզում ՀՅԴ հետ կոալիցիա կազմել

Թերթի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը նորից է փորձում միջամտել Դաշնակցության հետ Հանրապետական կուսակցության` կոալիցիա կազմելու գործընթացին: Վարչապետի համար ՀՅԴ-ի նախարարներն այդպես էլ ընդունելի չեն դառնում:

Բայց քանի որ կոալիցիայի ձևավորմանը խոչընդոտելը վեր է նրա ուժերից, այն պարզ պատճառով, որ դա որոշվում է Սերժ Սարգսյանի մակարդակով, Կարապետյանն այս անգամ էլ փորձում է գոնե նախարարների թեկնածությունների վրա ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու է ձգձգվում այդ հարցի շուրջ վերջնական որոշման կայացումը:

Թերթին հայտնի է դարձել, որ Կարապետյանը կենտրոնացել է հատկապես բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի վրա ու չի ցանկանում, որ նոր կառավարությունում նա վերանշանակվի այդ պաշտոնին: Դրան զուգահեռ ՀՅԴ-ն նույնպես չի ցանկանում Մինասյանին ուղարկել կառավարություն, քանի որ նրա գնալով՝ խմբակցությունը բավականին թուլացել-ծուլացել է:

ՀՅԴ-ին աշխատող՝ օրինագծեր մշակող, օրենսդրական քննարկումներին մասնակցող, հարկ եղած դեպքում կառավարությանը քննադատող պատգամավոր է պետք, ինչը տարիներ շարունակ գրեթե միայնակ արել է Արծվիկ Մինասյանը»։

«Հրապարակ». Սամվել Բաբայանին բա՞ց կթողնեն

Թեև ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել, և գրասենյակում ծաղիկներով սպասել էին Կամանդույուշչիին, բավականին ուշ գլխի ընկնելով, որ դա սև հումոր է, այնուամենայնիվ, կարծում են, որ նրան շուտով բաց կթողնեն։

Գործի քննությանը մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը նույնպես ենթադրեց, որ բաց կթողնեն, քանի որ «Բաբայանն իրեն ճիշտ է պահել»․ երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նրա ձերբակալության հիմքում քաղաքական պատճառներ են, փաստաբանը հայտարարեց․«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»:

«Ժամանակ». Հանդիպել են

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ ընտրություններից հետո բոլորի համար անակնկալ ակտիվություն է ցուցաբերում։

Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը, որը մշտապես լավ հարաբերություններ է պահպանել այժմ «Ծառուկյան» դաշինքով խորհրդարանի փոխխոսնակ դառնալ պատրաստվող Իշխան Զաքարյանի հետ, օրերս նրա հետ հանդիպել և քննարկել է ներքաղաքական գործընթացները։

Հանդիպման մասին իմացել է Գագիկ Ծառուկյանը, թե ոչ՝ տեղեկություն չունենք, բայց հայտնի է, որ հանդիպման հիմնական առարկան եղել է Ծառուկյանի քաղաքական տրամադրությունները ստուգելը»:

Русская версия

35