Ձու

Զատկին ընդառաջ թանկացել են ձուն ու կանաչին. առջևում նոր թանկացումներ են

34
(Թարմացված է 18:50 12.04.2017)
Խորհրդարանական ընտրություններից հետո սկսված թանկացումը հայաստանյան շուկայում նոր թափ կստանա Զատկի տոնին ընդառաջ: Այս եզրակացությանն է հանգել «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն սպառողական շուկայում իրականացրած դիտարկումների արդյունքում:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանի մանրածախ խանութներում վերջին մի քանի օրերին կարագը թանկացել է 200, կանաչին՝ 100, ձուն՝ 3-5 դրամով: Թանկացել են նաև շաքարավազը, ալյուրը, հացը, ծխախոտը, քաղցրավենիքը: Այսպիսով, առաջին անհրաժեշտության ապրանքները Հայաստանում թանկացել են 10%-ով: Նման եզրակացության է հանգել «Հայաստանի սպառողների ասոցիացիան»՝ հայաստանյան խանութներում ու վաճառակետերում կատարած դիտարկումների արդյունքում: Հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը, ներկայացնելով արդեն արձանագրված թանկացումը, չի բացառում, որ սա միայն սկիզբն է, և մինչև Զատկի տոնը թանկացումները դեռ կշարունակվեն:

«Առաջին անհրաժեշտության ապրանքները 10%-ով թանկացան հենց ընտրության օրերին: Զատկի հետ կապված այդ գնային թռիչքի նախանշանները կան, և առաջիկա օրերին հավանաբար էլի կունենանք թանկացում»,- ասաց Պողոսյանը:

Մի քանի օրվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների նման թանկացումը, հասարակական կառույցի ղեկավարի գնահատմամբ, քրեորեն պատժելի արարք է, որն առնվազն պետք է հանգեցներ պատասխանատու անձանց հրաժարականին, մինչդեռ Հայաստանում պետական մարմինները հերքում են գնաճի առկայությունը: ՏՄՊՊՀ-ն օրերս հայտարարեց, որ մեծածախ շուկայում թանկացում չի գրանցվել, իսկ մանրածախ շուկան իրենց իրավասությունից դուրս է:

Армен Погосян
© Sputnik/ Asatur Yesayants
Արմեն Պողոսյան

«Եթե չի նկատվել (ինչին կասկածում եմ), չի նշանակում, որ մանրածախ շուկայում գինը չի բարձրացել: Մանրածախում բարձրանալը մենք բոլորս տեսնում ենք»,- ասաց նա:

Կատարված դիտարկումնեի արդյունքները «Հայաստանի սպառողների ասոցիացիան» դեռ որևէ պետական իրավասու կառույցի չի ներկայացրել: Նախազատկային թանկացումների ավարտին ասոցիացիան համապատասխան հարցումներ կուղարկի: Իսկ մինչ այդ Արմեն Պողոսյանն իրավասուներին կոչ է անում մամուլի միջոցով արված իր հայտարարությունն ընդունել իբրև հաղորդում ու սեփական ուսումնասիրություններով ստուգել նշված փաստերի իսկությունը:

Русская вверсия

34