Մամուլ

Մամուլի տեսություն. նոր կառավարությունը, շունչ պահածներն ու եվրոապական ուղերձը

63
Sputnik Արմենիան նեկայացնում է ապրիլի 8–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Շունչը պահած

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում եւս շունչները պահած սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը, թե ով է անցնելու ԱԺ։

Կուսակցականների տառապանքին հաշված օրեր են մնացել, ԿԸՀ-ն ապրիլի 9-ին, ըստ օրենքի, կհրապարակի վերջնարդյունքները։ ԲՀԿ-ում եւս, ՀՀԿ-ի նման, թեկնածուները պատգամավորության դիմումների հետ գրել են նաեւ ինքնաբացարկի դիմումներ։ Հիմա Գագիկ Ծառուկյանը մանրակրկիտ ուսումնասիրում է, թե որ թեկնածուն որ ընտրատարածքում ինչ պայմաններում ու ինչ գնով է այդ ձայներն ստացել, համեմատվում են ընտրատարածքները, բարդության աստիճանը, բնակչության թիվը եւ այլն։

Օրինակ, Արմավիրում ամենաշատ ձայն ստացածն Արայիկ Աղաբաբյանն է՝ 9 հազար 535, Հրանտ Դավթյանը 7 հազար 616 ձայնով երկրորդն է, սակայն չի բացառվում, որ ԱԺ անցնի Դավթյանը, քանի որ նա իր միջոցներն է ծախսել ընտրարշավի ժամանակ, իսկ Աղաբաբյանին աջակցել են։ Բացի այդ՝ Դավթյանը «կռվել» է գեներալիտետի դեմ, Աղաբաբյանը՝ Արմավիրում ՄԱՊ-ի Ալիկի ու Նովոյի, դրան գումարած՝ Ծառուկյանի գինու գործարանները հենց Արմավիրում են․ դա եւս աջակցել է Աղաբաբյանին։

Ծառուկյանը, ըստ լուրերի, փորձում է ԱԺ բերել պատգամավորության փորձ ունեցող, գրագետ մարդկանց, որ հետո իրեն չխայտառակեն»:

«Հրապարակ». Կառավարության հրաժարականը և նոր կառավարությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա: Ապագա կառավարության ձեւավորման մասին լուրերը տարաբնույթ են եւ ոչ վերջնական:

Մեզ ասացին, որ լուրերը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հեռանալու մասին, հիմնազուրկ են: Սոցապնախարարի թեկնածուն վարչապետի նախկին օգնական, վերջերս փոխնախարար նշանակված 28-ամյա Աշոտ Մարգարյանն է: Եթե Ասատրյանը հեռանա, ապա նա կնշանակվի:

Արա Բաբլոյանի՝ առողջապահության նախարար նշանակվելու լուրերն էլ են չափազանցված, այստեղ բարեփոխումների բեռը դրված է թութակասեր, հեծանիվ վարող փոխնախարար Սամվել Մարգարյանի վրա: Թեեւ նրա՝ նախարար նշանակվելը դեռ որոշակի չէ:
ՀՅԴ-ական նախարարներից էլ, անկախ նրանից՝ կոալիցիա կկազմեն, թե ոչ (ավելի շուտ՝ կկազմեն, քան ոչ), Սերժ Սարգսյանի բլոտի խաղընկեր Դավիթ Լոքյանը մնալու է»:

«Ժամանակ». Գողերը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի աննախադեպ երեւույթ է գրանցվել: Պարզվում է՝ ՀՀԿ-ն գողանում եւ գնում է ոչ միայն ուրիշների, այլեւ իր իսկ թեկնածուների ձայները:

Մեզ պատմեցին, որ մի շարք տեղամասերում ՀՀԿ-ական համեմատաբար թույլ թեկնածուների ձայները գումարվել են ուժեղների ձայներին՝ նրանց թողնելով մի քանի հազար, իսկ որոշ տեղամասերում՝ ընդամենը մի քանի հարյուր ձայն:

Այս մեթոդը մեծապես կիրառվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ական մյուս թեկնածուների ստացած ձայների մեծ մասը դրվել է Սամվել Ալեքսանյանի ձայների վրա»:

«Ժամանակ». Ուղերձ Եվրոպային

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում 12 մշտական հանձնաժողովներից մնալու է 10-ը: Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը միանում է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին, Եվրաինտեգրման հանձնաժողովը միանում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ դառնալով արտաքին հարաբերությունների եւ ինտեգրացիոն պրոցեսների մշտական հանձնաժողով:

Այսպիսով, առաջին անգամ Հայաստանը հստակ ազդանշան է ուղարկում, որ եվրոպական ուղղությունն այլեւս մեր երկրի համար առաջնահերթություն չէ»:

«168 ժամ». «Սիմվոլիկ» հարվածները Հայաստանի վրա չեն ազդի

«168 ժամ» թերթը գրում է. «Թրամփի ավիահարվածները Սիրիայում քաղաքական ուղերձ էր, «նամակ», որն, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արեւելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Բայց իմ կարծիքով՝ այս քայլի ամենակարեւոր հարթությունն ամերիկյան ներքին քաղաքականությունն է։ Իմ համոզմամբ՝ Թրամփը կարիք ունի ցույց տալու, որ ինքն ուժեղ է, ղեկավար է, որոշումներ կայացնող է, դերակատար է»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին է ասել Ժնեւի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, միջազգայնագետ, արեւելագետ Վիգեն Չետերյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիական կառավարական զորքերին ավիահարվածներով թիրախավորելու որոշմանը։

Չետերյանի համոզմամբ՝ սրանք սիմվոլիկ ավիահարվածներ էին, որոնք շարունակական բնույթ չեն կրելու։ «Իմ կարծիքով՝ Հայաստանի չկարգավորված հակամարտությունն Ադրբեջանի հետ, բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ, դաշնակցությունը Ռուսաստանի հետ ամբողջությամբ այլ նյութ են միջազգային հարաբերություններում, ինչը մաս չի կազմում Միջին Արեւելքի ռազմական կամ քաղաքական հավասարակշռությանը, եւ մտավախությունները, թե Հայաստանը կարող է ներգրավվել մերձավորարեւելյան զարգացումներում, տեղին չեն, այս գործողությունը պետք չէ իր համատեքստից դուրս բերել, երկրորդը՝ չեմ կարծում, որ ստեղծվելու է հսկայական սրում, որպեսզի այն ազդի Հայաստանի վրա»,- ասել է Չետերյանը:

63