ԱԺ

Շիրակի նախկիններն՝ Աժ-ում

163
(Թարմացված է 18:53 06.04.2017)
Ապրիլի 2-ին կայացած ընտրության արդյունքը շատերի համար սպասված էր: Այն, որ Գյումրիում ձայների մեծամասնությամբ առաջինը «Ծառուկյան» դաշինքն է լինելու՝ մինչ ընտրությունն էր պարզ, թեև գյումրեցիները վստահաբար կանխատեսում էին. մարզում՝ հիմնականում, Արթիկում ու գյուղական համայնքներում, հաղթանակը կլինի հանրապետականներինը:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ընտրական նման ելք չէին սպասում «Հայկական վերածնունդ» կուսակցության հետևորդները։ Փոխարենն այն, որ ՏԻՄ ընտրությունների դասերն այս ընտրություններին հաշվի առնելով՝ բավական ծանրակշիռ հաղթանակ մարզում կունենա ՀՅԴ-ն, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը դեռ ամիսներ առաջ էր լրագրողներին հայտարարել:

Նշենք որ հանրապետությունում դաշնակցությունն ամենաշատ ձայնը՝13 հազար 990, հենց Շիրակում էր հավաքել: ՀՅԴ Շիրակի մարզի վարկանշային թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքել է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը՝ 3123 քվե: Ի ղեպ, վերջինս Շիրակից ԱԺ գնացող միակ նախկին մարզպետը չէ, շիրակցիների կողմից սիրված Ֆելիքս Ցոլակյանը ևս կստանա պատգամավորական մանդատ՝ արդեն ՀՀԿ-ից. Ֆելիքս Ցոլակյանին ռեյտինգային ցուցակում ներկայացնելով, ՀՀԿ- ն շահեց՝ շատերի համար ընտրությունն անձի, այլ ոչ թե կուսակցության հետ էր կապված:

ԱԺ Շիրակից գնում է նաև Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ երկուսն էլ «Ծառուկյան» դաշինքից: Այն, որ Վարդան Ղուկասյանի կողմից «Ծառուկյան» դաշինքով ներկայանալն ամենաճիշտ որոշումն էր՝ արդյունքներն ակնհայտ են: «Ծառուկյան» դաշինքից 13 հազար 990 ձայնով առաջատարն է Վարդևան Գրիգորյանը, իսկ Գումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` 12 հազար 452 ձայնով, երկրորդն է:

Այս ընտրությունների արդյունքով՝ նախկին միակ պատգամավորը, որը մանդատ կստանա նաև այս անգամ, Արման Սահակյանն է: Շիրակի մարզի ՀՀԿ վարկանշային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը՝ 14 հազար 510 ձայն, երկրորդը նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն է ` 11 հազար 796 քվե:

163