ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Քաղաքական դաշտում շատ հումորիստներ ունենք, ավելի շատ հումորիստներ են, քան քաղաքական գործիչներ. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը:
Sputnik Արմենիայի խնդրանքով Կարգին Մկոն նշեց քաղաքական այն գործիչների անունները, որոնք կարող են ներառվել «հումորիստների» ցանկում: Արզումանյանի կազմած եռյակը գլխավորում է Գալուստ Սահակյանը, երկրորդ տեղում երջանկահիշատակ մարքսիստ Դավիթ Հակոբյանն է, իսկ երրորդ տեղում՝ Սեյրան Սարոյանը:
Կարգին Մկոն չհերքեց՝ սցենարների հումորային դրվագների համար երբեմն օգտագործվել է ԱԺ-ում տեղի ունեցածը: Այսպիով շատ պատգամավորների ու քաղաքական գործիչների կարելի է հումորային նախագծերի համասցենարիստներ անվանել:
Անդրադառնալով հումորի որակական հատկանիշներին՝ հումորիստը նշեց, որ այն պետք է միշտ լինի ժամանակակից:
«Հումորն ունի իր պահպանման ժամկետը, եթե մնաս նույն մակարդակի մեջ, շատ արագ կդառնաս անհետաքրքիր: Այն հումորը, որը ծիծաղելի էր 10 տարի առաջ, հիմա այլևս նույն ազդեցությունը չունի»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը:
Ծնունդով գյումրեցի դերասանն իր խոսքում անկեղծացավ. «Անեկդոտն իմ թույլ կողմն է: Այստեղ լսում եմ, այնտեղ մոռանում»:
Մկոն խոսեց նաև նկարահանումների ժամանակ տեղի ունեցած զավեշտալի դեպքերի մասին հիշեց, որ վերջին նկարահանումների ժամանակ հանգուցյալի դերի համար ստիպված է եղել «փորձել», ինչպես ինքն է ասում, «այդ փայտե իրը» (դագաղը):
«Խանութի տնօրենն ասաց՝ արի՛, Մկո ջան, առանձնացրել ենք, արի տես՝ որն է հարմար: Ու մինչ ես «փորձում» էի, նկատեցի՝ չոր է: Պրոբլեմ չկա, Մկո ջան գուբկա կզարգենք: Մեր այդ քննարկումներն ընթացքի մեջ էին, երբ մարդիկ եկան դագաղ պատվիրելու: Տնօրենն ասաց՝ 5 րոպե սպասեք էլի. Մկոն ներսը «պռիմեռկա» կենե»,- ժպիտով հիշեց դերասանը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։
«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:
«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։


