ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի և ՀՀ Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը և այլն:
Լոռու մարզից ներկայացվել էին հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, թղթե տոպրակների արտադրությանը, գյուղմթերքի վերամշակմանը վերաբերող ծրագրեր:
Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր: «Հավանություն ենք տալու տրամաբանական, նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին ու լավ գաղափարներին»,- ասել է վարչապետը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Անթույլատրելի է ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ԱԺ բակում նռնակների առկայությանը և պատուհաններից դիպուկահարների երևալուն։
«Հանրային ճնշումն ավելացնելու ենք, սակայն օրենքի շրջանակում ենք մնալու»,–ասաց Վանեցյանը։
Նշենք` ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Խոսելով այդ հայտարարության մասին` Վանեցյանը նշեց` կա՛մ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել, կա՛մ էլ գուցե ոստիկանությունն որոշել է ուժ կիրառել, ինչի համար էլ հիմքեր է ստեղծում։
Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։
Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։
Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ նիստն ավարտվեց։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ


