ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Բնապահպաններն ահազանգում են՝ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վտանգները թերի են գնահատված, բացառված չէ, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի և Սևանի ջրերի` քիմիական նյութերով աղտոտմանը:
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը Civil Voice բնապահպանական կազմակերպության պատվերով ուսումնասիրել է Ամուլսարի հանքարդյունաբերող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) և հայտնաբերել մի շարք թերություններ:
«Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները Սևանի ջրահավաք ավազանի մասն են կազմում: Իսկ հանքավայրը և շահագործման նախատեսված տեղամասը շատ մոտ են Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրին: Անգլիայում հանքարդյունաբերողի կողմից կատարվել են իզոտոպային հարաբերությունների հետազոտություններ, դրանց արդյունքների հիման վրա եզրակացություն է տրվել, որ Ջերմուկի և Ամուլսարի ջրերի միջև կապ չկա, և ազդեցություն չի առաջանա»,- ասում է Սեյրան Մինասյանը՝ հավելելով, որ ծրագրի հեղինակները նման եզրակացության են հանգել միայն մեկ հետազոտության տվյալներով՝ առանց գիտական հիմնավորման:

Բնապահպան Կարինե Դանիելյանը, որը Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ է, հստակ հիշում է, որ Ամուլսարի ծրագրի քննարկման արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել և զարմացած է, թե ինչպես է այն հետագայում դրականի փոխվել:
Նա այս հարցն ուղղել է նաև պատկան կառույցներին, բայց պատասխան չի ստացել:
Փորձագետների դիտարկմամբ, թերի է իրականացվել նաև բուսական աշխարհի վրա հանքի շահագործման ընթացքում կիրառվող քիմիական նյութերի ազդեցության գնահատականը: Մինչդեռ փորձագետները չեն բացառում, որ դրանք կարող են հանգեցնել բերքի այնպիսի անկման, որը կարող է չեզոքացնել հանքի շահագործումից տեղի բնակչության սոցիալ-տնտեսական առաջընթացի դրական սպասումները: Այս տեսանկյունից, բնապահպան Կարինե Դանիելյանի դիտարկմամբ, կառավարության որդեգրած զարգացման ուղիներն իրար հակասում են:
«Մի կողմից ասում են՝ մաքուր գյուղատնտեսություն ենք զարգացնում, էկոտուրիզմ ենք զարգացնում, մյուս կողմից՝ պոչամբարներով ենք ծածկում երկիրը: Այսօր արդեն ՀՀ-ի տարածքում 21 պոչամբար ունենք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր գյուղատնտեսական ապրանքները գրեթե 100%-ով հագեցած են ծանր մետաղներով կամ այլ նյութերով»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ, վկայակոչելով գիտական աղբյուրները, հայտնեց, որ հանքի ազդեցության գոտում առկա են Կարմիր գրքում հաշվառված կենդանիներ ու բույսեր: Ապա մեջբերելով ՀՀ Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթը՝ հայտարարեց, որ հանքի շահագործումը հակասում է ՀՀ օրենսդրությանը:
Այսօր կազմակերպված քննարկմանը ներկայացված փաստարկներն ու առաջարկությունները բնապահպանները վերջին տարիներին պարբերաբար ներկայացրել են նաև հանքարդյունաբերողին ու պետական կառույցներին: Բայց, ինչպես Սեյրան Մինասյանն ասաց, դրանք, որպես կանոն, արհամարհվել են:
«Փաստորեն եկել, մի փուլի ենք հասել, որ այդ առաջարկությունները մեծ մասամբ արհամարհված են, և կազմակերպությունը պատրաստվում է սկսել հանքի շահագործումը»,- նշում է փորձագետը՝ համոզմունք հայտնելով, որ ժամանակն է ավելի եռանդով զբաղվել հանքշահագործման նախապատրաստական աշխատանքները դադարեցնելու խնդրով՝ մինչև բոլոր անհրաժեշտ հետազոտությունների անցկացումը:
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը, որն արդեն շուրջ 6 տարի պայքարում է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դեմ, պետական մարմինների ու հանքշահագործող ընկերության դիրքորոշման փոփոխության հետ հույս չի կապում:

Նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն առաջարկում է պայքարի սեփական ուղին:
«Դա կլինի իրական վտանգը ներկայացնելով, իրական փաստերը ներկայացնելով և ֆինանսական աջակցություն ներկայացնող բանկերի, կազմակերպությունների, ինվեստիցիոն ֆոնդերի վրա ազդեցություն գործելով, որպեսզի իրենք հասկանան, որ վտանգվում է մի տարածաշրջանի քաղցրահամ ջրերի պաշարները»,- ասաց նա:
Որպես խնդրի լուծման առաջին քայլ բնապահպաններն առաջարկում են կասեցնել հանքշահագործման նախապատրաստական աշխատանքները և կատարել համատեղ նոր հետազոտություն՝ հայ մասնագետների, բնապահպանական ՀԿ-ների և պետական մարմինների մասնակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:


