Արմենակ Վարդանյանը և Սամվել Մկրտչյանը

Զինամթերք չունեցող զորքից մինչև կայացած բանակ. ԶՈՒ-ն 25 տարեկան է

80
(Թարմացված է 16:42 27.01.2017)
Հունվարի 28–ը հայկական բանակի կազմավորման տարեդարձն է։ Վաղը հայոց բանակը կդառնա 25 տարեկան։ Բանակի ձեռքբերումների մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում խոսել են ՀՀ զինված ուժերի Մարտական պատրաստության վարչության պլանավորման և վերլուծության բաժնի պետ գնդապետ Արմենակ Վարդանյանը և պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի-Sputnik. 1992-1994 թվականներն էին. դժվարին կացություն, երբ Հայաստանն օգնում էր Արցախին պայքարել ու գոյատևել։ Այդ ընթացքում նախադրյալներ էին ստեղծվում հայոց բանակի ստեղծման համար։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը, 4 գնդով ստեղծվեց պաշտպանության նախարարությունը։

Самвел Мкртчян
© Sputnik/ Asatur Yesayants
Պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյան
«Պատերազմ էր, զինամթերք չունեինք։ Հեռացող սովետական բանակն իր հետ տարավ զինամթերքը։ Համազգեստի պահով ավելի վատ էր. չկար համազգեստ, ով ինչ ճարում՝ հագնում էր»,- այսօրվա պես հիշում է Մկրտչյանը։  

Չնայած զինվորականի բնավորությանը` միշտ լինել զգաստ ու արտաքուստ առանց էմոցիաների, Մկրտչյանն արդեն 25 տարեկան բանակի մասին խոսելիս փոքր-ինչ հուզվեց։

Խոստովանեց` իր երեխաների պես սիրում է հայոց բանակը, քանի որ կանգնած է կազմավորման ակունքներում, սրտացավ է բանակի առաջին քայլերի համար, ուրախացել ու տխրել է հաջողություններով ու սայթաքումներով։

Իր կյանքի մեծ մասը նվիրեց հայոց բանակին, հետո նույնը սովորեցրեց երեխաներին։ Սամվել Մկրտչյանի երեք զավակները (երկու դուստր և մեկ որդի) ծառայում են։

«Աղջիկներիցս մեկը ենթասպա է ռազմական ինստիտուտում, մեկն էլ սպա է ՊՆ-ում, տղաս էլ մայոր է։ Այնպես որ, ես մշտական կապի մեջ եմ իմ հարազատ բանակի հետ»,- պատմեց նա։

ՀՀ զինված ուժերի Մարտական պատրաստության վարչության պլանավորման և վերլուծության բաժնի պետ, գնդապետ Արմենակ Վարդանյանն էլ ներկայացրեց այն բարեփոխումներն ու ձեռքբերումները, որոնք տեղի ունեցան վերջին շրջանում։ 

Арменак Варданян
© Sputnik/ Asatur Yesayants
Գնդապետ Արմենակ Վարդանյան

«Նոր տեխնոլոգիաներ, նոր սպառազինություն. մեր հարևանը պարտադրում է մեզ գնալ այդ քայլին։ Իսկ մեր բոլոր ստորաբաժանումներում մարտական պատրաստվածությունը սկզբունքորեն նոր մոտեցմամբ է մշակվել։ Ժամանակը ցույց կտա արդյունքները, դա մեր զինվորին միայն առաջընթաց կտա»,-ասաց նա։

Վարդանյանը կարևորեց մի հանգամանք` հայոց բանակի զարգացման գործում մեզ օգնում է այն հզոր գիտական ներուժը, որ առկա է Հայաստանում։ Նա շեշտեց, որ այսօրվա հրամայականը մեզ ստիպում է միշտ առաջ գնալ։

80