Թերթեր

Մամուլ. Վարչապետն իր գրպանից գումար կդնի Գյումրու համար

47
(Թարմացված է 09:34 27.01.2017)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 27–ի մամուլի տեսությունը։

«Իրավունք». «Ինչու՞ Մոսկվան որոշեց աջակցել Մեղրիի ազատ տնտեսական գոտուն»

Թերթը գրում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա առաջին հերթին աչքի ընկավ ընդունելության ջերմությամբ։ Դրանով ռուսական կողմը լուրջ մեսիջներ է հղել։

«Առաջին մեսիջը, անշուշտ, հղված էր Հայաստանի ներքին քաղաքական դաշտ, և դրանով ի ցույց դրվեց, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյան անձն ինչ կերպ է ընկալվում Մոսկվայում` դրանից բխող մնացյալ հետևություններով։ Սակայն կար նաև երկրորդ մեսիջը, թերևս ավելի գլոբալ և էական։

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը
Пресс-служба Правительства РА

Ընդ որում, դա արտահայտվեց ոչ միայն ընդունելության ընդգծված ջերմությամբ, այլև` ձեռք բերված պայմանավորվածությունների միջոցով։ Ռուսաստանի մեսիջներից մեկն աշխարհաքաղաքական բնույթի է։ Նկատի ունենք այցի ընթացքում ձեռք բերված այն պայմանավորվածությունը, որ Ռուսաստանն էական մասնակցություն կունենան Մեղրիում, այսինքն` Իրանի սահմանին հիմնվող ազատ տնտեսական գոտում։ Նույն ծրագրով վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ ծանրակշիռ մասնակցություն ունենալու մասին խոսեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին»,-գրում է թերթը։

«Չորրորդ իշխանություն». «Սեյրան Օհանյանի անունից բանակցությունները վարում է Սամվել Բաբայանը»

Թերթի տեղեկություններով` այս օրերին Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը զբաղված է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լոբբինգով։

«Նա վերջինիս անունից բանակցություններ է վարում կուսակցությունների ղեկավարների ու քաղաքական գործիչների հետ հնարավոր համագործակցության մասին։ Ու թեև Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ, ձևավորելով համախոհների թիմ` միաձույլ դաշինք, իրականում` դե ֆակտո, այդ գործառույթներն իր վրա է վերցրել Սամվել Բաբայանը»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». Միքայել Մինասյանը «ջրի երես» է դուրս գալիս

Թերթի տեղեկություններով` Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ամբողջ կազմը թեև չի որոշվել, բայց քարոզչական մասով հստակությունն ուրվագծվում է։

«Իշխող Հանրապետականի քարոզչության պատասխանատուն լինելու է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Հիշեցնենք, որ 2013 թվականի նախագահի ընտրություններում ևս Միքայել Մինասյանը եղել է ՀՀԿ նախընտրական շտաբում` որպես պետի տեղակալ»,- գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». «Իր փողն է դնելու»

Թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում։ Այդ ներդրումները կուղղվեն հին փողոցների վերականգնման ծրագրին։

«Ըստ այդ ծրագրի` Գյումրիի նշված հատվածում լինելու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, և դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկների համար։ Կարեն Կարապետյանը մտադիր է իր ներդրումներն իրականացնել հրապարակայնորեն, և դրա նպատակը հնարավոր է այլ ներդրողների ներգրավելն է»,- գրում է թերթը։

«Ժամանակ». «Պատժում են»

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ շարքերը լքելուց հետո առաջին «հարվածը» ստացան նրա հարազատները։

«Երեկ նրա եղբորորդին` Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Առաջիկայում պաշտոնից կազատվի նրա մաքսապետ փեսան` Վլադիմիր Թամրազյանը»,- գրում է թերթը։

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Բաղրամյան 26-ից ՊԵԿ պետ Վարդան Հարությունյանին հանձնարարվել է պատրաստել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային պետ Վլադիմիր Թամրազյանի` պաշտոնից ազատման դիմումը»,- գրում է թերթը։

47