Անօթևան տղամարդը

Կյանքն առանց տանիքի. անօթևանները պայքարում են կամ հանձնվում

360
(Թարմացված է 21:03 14.01.2017)
Ինչպե՞ս են անօթևաններն անցկացնում ձմեռը, ինչու՞ չեն ցանկանում տեղափոխվել հատուկ կացարաններ: Այս և այլ հարցերի պատասխանները փորձել է ստանալ Sputnik Արմենիան:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik, Գոհար Սարգսյան, Ամալյա Պապյան. Դեկտեմբերի 30-ին Երևանում՝ թիթեղյա տնակում, անշնչացած մարմին գտան: Մահացած անձը դեռևս նախորդ տարի էր ցրտահարության առաջին «հարվածը» ստացել, ու կտրել էին ոտքերի մատները: Ամիսներ անց ստացավ վերջին՝ մահացու հարվածը. 2016 թվականը անավարտ մնաց նրա համար: Նրա տանը եղած անձը Sputnik Արմենիային պատմեց՝ ցրտաշունչ ձմռանը տանը նմուշի համար տաքացնող սարք չկար, թիթեղյա պատերն էլ մերկ էին, առանց որևէ հավելյալ շերտի:

Անօթևան մարդիկ պատմում են իրենց կյանքի մասին
© Sputnik. Արամ Ներսեսյան, Լաուրա Սարգսյան

Հունվարի սկզբին էլ մայրաքաղաքի այլ հատվածում՝ Շենգավիթում, ցրտահարությունից մի անօթևան անձ մահացավ:

Այս դեպքերը եզակի չեն մեր երկրում, բայց դրա մասին քչերն են հիշում, հատկապես այն մարդիկ, որոնք կարողանում են տները այս կամ այն կերպ ջեռուցել, տաքուկ պայմաններում անցացնել և ճանապարհել ձմեռը: Նրանք գուցե չգիտեն էլ, որ քաղաքի տարբեր անկյուններում առանց օթևանի գոյատևում են մարդիկ ու անցնում ճակատագրի փորձությունը՝ ապրել ու հաղթահարել անհաղթահարելի թվացող ցուրտը:

Sputnik ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում անօթևաններին ժամանակավոր կացարան տրամադրող բարեգործական հիմնադրամի աշխատակիցները պատմեցին, որ իրենց մոտ բնակվում է 98 անօթևան, սակայն շատ են նաև նրանք, ովքեր հրաժարվում են հիմնադրամի առաջարկած ծառայությունից: Նրանց հիմնականում կարելի է հանդիպել «Հրազդան» մարզադաշտի մոտ, կայարանում, Արաբկիրի շրջանում՝ մետրոյի վերջին կանգառում:

«Շատերը հոգեկան, հիշողության խնդիրներ ունեն: Հաճախ աշխատանք է տարվում անձնագրային բաժինների հետ, որպեսզի պարզաբանենք՝ ով է տվյալ մարդը: Օրինակ՝ մի տատիկ կա, որի ինքությունը մինչև այսօր չենք կարողանում պարզել»,-ասաց բարեգործական հիմնադրամի հոգեբան Սուսաննա Ումուտյանը:

Նրա խոսքով ՝ կացարանից հրաժարվողների մեծ մասը մուրացիկներ են, մարդիկ, որոնք կարծում են՝ փող մուրալն ավելի շահավետ է, քան կացարան գնալը:

«Ավելի քան 10 տարի փողոցում գտնվելը նրանց համար սովորական է դարձել»,-ասաց նա:

Սակայն հրաժարվողների թվում կարող են լինել նաև մարդիկ, որոնք բոլորովին այլ պատճառաբանություններով են մերժում ժամանակավոր կացարան տեղափոխվելու առաջարկը: Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե ինչու չեն գնում առաջարկող կացարան, նրանք լռեցին, բայց թրջվող աչքերը խոր պատմություն էին թաքցնում:

Կա մեկ այլ՝ արդեն հայտնի խնդիր. կացարանային հնարավորություններից չեն կարող օգտվել վարակիչ հիվանդություններ ունեցող անօթևանները: Չնայած 2016 թվականի ամռանը կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց, որի համաձայն՝ այդպիսի անօթևանների համար պետք է առանձին կացարան ստեղծվի, բայց որոշումը դեռ կյանքի չի կոչվել:

Անօթևանների ժամանակավոր կացարանի սոցիալական աշխատող Համլետ Հովհաննիսյանը հավաստիացրեց՝ կացարանը պարտադիր կերպով կստեղծվի, գուցե փետրվար-մարտ ամիսներին:

«Կառավարության որոշումը կա, պարզապես առայժմ չի գործում, որովհետև կան ֆինանսական խնդիրներ: Նախաձեռնությունը հուլիսից տեղափոխվեց հունվար, բայց այդ կենտրոնն այնպայման կլինի: Այդ մարդիկ մեր հասարակությանը վնաս տալու իրավունք չունեն, կլուծվի այդ հարցը»,-ասաց նա:

Բարեգործական հիմնադրամը ժամանակ առ ժամանակ այցելում է փողոցում հայտնված անօթևաններին և նրանց տաք թեյ ու հագուստ տալիս:

Թեև բարեգործական որոշ միջոցառումներ անցկացվում են, այնուհանդերձ պետությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի փողոցում հայտնված մարդկանց ոտքի կանգնեցնելու համար, որոնք գուցե չհաղթահարեն այս կամ մյուս ձմեռները:

360